Ռեկտոր Գագիկ Գալստյանի շուրջ օղակը սեղմվում է. BUH.AM

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի շուրջ օղակը սեղմվում է: Այս մասին գրում է BUH.AM-ը:

BUH.AM կայքում, ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսությունում տեղ գտած արտագրությունների տասնյակ դրվագներ ներկայացվել էին դեռևս 2016 թվականի ամռանը (այստեղ): Դրանք այսօր, նորից, քննարկման առարկա են դարձել: 2018թ. դրանց, առավել մանրամասն, անդրադարձավ Rector.am-ը, իսկ  օրերս, Գագիկ Ներսիսյանը գիրք հրատարակեց այդ մասին (այստեղ): Պատմության մեջ, հավանաբար, սա եզակի դեպք է, երբ գիրք է հրատարակվում գրագողության կոնկրետ դրվագների մասին:

Երեք տարի այս մասին խոսվում էր, և երեք տարի պատկան մարմիններից ոչ ոք ուշադրություն չէր դարձնում այս խնդրի վրա: Եվ հավանաբար ամեն ինչ այդպես էլ կգնար, եթե իրար չհաջորդեր երկու իրադարձություն.

Նախ, գրագողության պատճառով, տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնից ազատվելու դիմում գրեց Ռուբեն Հայրապետյանը, ինչը նախադեպ դարձավ բոլոր բուհերի այն ռեկտորների համար, ում ատենախոսությունում արտագրություններ կնկատվեն: Ընդ որում, մեծ կամ փոքր, բոլորովին կապ չունի: «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի  առաջին հոդվածում սահմանված է, որ այն, ի թիվս այլ ոլորտների, կարգավորում է նաև գիտության ոլորտի ստեղծագործությունների հեղինակային իրավունքի հետ կապված հարցերը: Ըստ օրենքի 65 հոդվածի 4-րդ կետի՝ «ուրիշի ստեղծագործությունից մտքեր, հատվածներ քաղելը, առանց դրանց ստեղծագործական մշակման և առանց ձեռքբերման սկզբնաղբյուրի նշման և որպես իրենը ներկայացնելը կամ ստեղծագործությունն ամբողջությամբ իր անունով ներկայացնելը համարվում է գրագողություն»: Նույն հոդվածի 5-րդ կետն, արդեն սահմանում է, որ գրագողությունը պատժի ենթակա արարք է (այստեղ):

Երկրորդ. ռեկտոր Գագիկ Գալստյանը, իր դոկտորական ատենախոսությունում տեղ գտած արտագրությունների մասին երեք տարի անընդհատ հնչած անպտուղ մեղադրանքներին այնքան էր սովորել, որ կորցրել էր իրականության զգացողությունը: Եվ հիմա, նրա մտքով անցավ “ուժային” լծակներ կիրառել իրեն չքծնող անձանց նկատմամբ: Մասնավորապես, նա հանձնարարել է գեոդեզիայի ամբիոնի վարիչին դասաժամեր չտրամադրել երիտասարդ դոցենտ Վարդգես Համբարձումյանին(այստեղ): Սա էլ հանդիսացավ համբերության այն վերջին կաթիլը, որից հետո դեպքերը սկսեցին զարգանալ կայծակնային արագությամբ: Ի վերջո, ՀՀ վարչապետը հանձնարարեց ԿԳՄՍ-ին ուսումնասիրել բարձացված խնդիրները ( այստեղ):

Վաղվանից ԲՈԿ-ի կազմավորած հանձնաժողովը կսկսի ուսումնասիրել Գագիկ Գալստյանի “Երկարակյաց շենքերի և կառույցների շինարարության հիմնախնդիրները” թեմայով դոկտորական ատենախոսությունը՝ գրագողության դրվագների մասով: Եթե հաշվի առնենք, որ BUH.AM կայքի գործունեությունը համակարգող խորհրդի նախագահ, միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանի որոշմամբ, 2016թ. ստեղծված երկու անկախ հանձնաժողով, կրկնակի ստուգմամբ, ուսումնասիրել է այս հարցը և եզրահանգել, որ պլագիատի դեպքեր այդ ատենախոսությունում իրոք կան, ապա, եթե չլինեն “չնախատեսված սյուրպրիզներ”, առաջիկա օրերին մենք ականատես կլինենք գրագողության հիմքով երկրորդ ռեկտորի պաշտոնանկությանը:

Անահիտ Ավետիսյան

Աղբյուրն՝ այստեղ

 

 

Facebook Comments