Ռազմիկ Մարկոսյան. Աշխարհին առհասարակ չի հետաքրքրում այն, ինչ մենք ունեցել ու կորցրել ենք: Աշխարհին հետաքրքրում է այն, ինչ դեռ ունենք կորցնելու…

Մենք ունենք մի երկիր, որի աշխարհագրական դիրքը, թեև խնդրահարույց, բայց կարող է և շահեկան լինել: Ունեք հարուստ պատմություն, որտեղ այսօր կարող ենք ցանկացած իրավիճակի նախադեպը գտնել` փորձ ու դաս առնելու համար: Ունենք մի երկիր, որը պահելու համար իրականում լուծում պահանջող քիչ հարցեր կան: Փոքրիկ ու հրապուրիչ մի երկիր, որտեղ իրենց դրսևորումն են ստանում տարվա բոլոր եղանակները: Ունենք մեծ ներուժի տեր, տաղանդավոր, ստեղծարար ազգաբնակչություն, որին միայն մի փոքր հնարավորություն տուր, և անհնարինը հնարավոր կդարձնի:

Մասնագետների հաշվումներով` բարգավաճելու օբյեկտիվ հնարավորության տեսանկյունից` Հայաստանը 150 անգամ Թուրքմենաստանի նկատմամբ ունի առավելություն, 20-25 անգամ` Ռուսաստանի ու Բելառուսի: (Եթե~ միայն մենք սիրեինք մեր հայրենիքն այնքան, ինչքան որ սիրում ենք պարծենալ նրանով): Ուրեմն ի՞նչն է մեզ խանգարում օգտագործել մեր ունեցած հնարավորությունը: Ժողովուրդը վստահաբար պնդում է` իշխանությունները: Ժողովուրդը լվանում է ձեռքերը և իրեն ամենևին մեղավոր չի համարում երկրում տիրող իրավիճակի համար: Եվ դա միայն մի բան է նշանակում. մեր երկրում բացակայում է ժողովրդավարությունը: Հայաստանի բնակչությունը ոչ մի պարագայում, ոչ մի ձևաչափով մասնակցություն չունի անձամբ իրեն վերաբերող հարցերի քննությանն ու որոշումների ընդունմանը. ո’չ իրական ու օբյեկտիվ հարցումների, ո’չ պատգամավորների միջոցով, ոչ էլ որևէ այլ կերպ: Դրան գումարած` ժողովրդավարության նմանակմամբ անցկացված ընտրությունները, և խնդրեմ`ժողովուրդը լիակատար ազատ է իրավիճակի պատասխանատվությունից: Այն ամբողջությամբ ընկնում է իշխանությունների վրա:

Իրականում, սակայն, երկրի առջև դրված անելիքների միայն տասը տոկոսն է պետության բաժինը: Եթե այդ փոքրաթիվ, բայց կարևոր խնդիրներին պետությունը կարողանա ճիշտ լուծում տալ, մնացած իննսուն տոկոսը ժողովուրդն, անկասկած, ինքը կլուծի: Արդյունքում` նախ` ժողովուրդը միջոցից կվերածվի գործոնի, պահանջատերից` պատասխանատուի և վերջապես, որ շատ կարևոր է` մեր ժողովուրդը կսովորի որոշում կայացնել: Եթե մի երկրի ժողովուրդ սովոր չէ որոշում կայացնելու, նա, միևնույն է, մի օր անպայման կկայացնի իր որոշումը` պատասխանատուներին պատասխանատվության կանչելով: Հենց դրանից խուսափելու համար է, որ պետությունը ներկայացնում է իրականության դարձերեսը: Ի~նչ լավ է ամեն ինչ: Չկա խնդիր, չկա և այն լուծելու անհրաժեշտություն:

Լավ, վիճակն այսպիսին է: Իսկ ի՞նչ է պետք անել: Առաջին հերթին պետությանը բաժին ընկած հարցերը պետք է հայտարարվեն ու դրվեն օրակարգում: Օրակարգում հարց դնելու նախադեպը մենք արդեն ունենք: Խոսքս կոռուպցիայի մասին է: Բավական եղավ ընդամենը խնդիրը հայտարարել, և պարզ դարձավ, որ այն ոչ միայն կա, այլև լուծում չի գտնում: Պատճառն այն է, որ վերը նշված տասը տոկոս խնդիրները պահանջում են համալիր լուծում:

Նախ` օրակարգում պետք է դրվի երկրում անպատժելիության մթնոլոտը արմատից վերացնելու խնդիրը: Օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն: Այս մոտեցումը չպետք է կրի հռչակագրային բնույթ: Այդ մասին ժողովուրդը ոչ թե պետք է լսի իշխանավորից կամ կարդա այս կամ այն նախընտրական ծրագրում, այլ դա պետք է լինի պետական մարմինների խիստ որոշակի քայլերի արդյունքում ժողովրդի արած եզրակացությունը: Դրա համար նախ պետք է տալ մարտիմեկյան դեպքերի իրական գնահատականը: Պետք է վերանա արտադրման, ներկրման ու արտահանման մոնոպոլիան: Պետությունը պիտի վերջնականապես որոշի` 3 միլիոնի՞ շահը, թե՞ մոնոպոլի շահը: Պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն ժամկետանց դեղեր, հիվանդածին սննդամթերք ներկրողներն ու արտադրողները: Պետք է կանխվի ներքին ցեղասպանությունը, որ ժողովուրդը չատի պետական պաշտոնյաներին: Չէ՞ որ ոչինչ այնպես չի խոցում մարդու հոգին, որքան անարդարությունը:

Հիմա` մի կարևոր խնդրի մասին: Խոսքս հայրենակցական միություններին է վերաբերում:

Մեծ եղեռնից փրկված այն հայերը, որոնք Հայաստան տեղափոխվեցին, իրենց կորցրած բնակավայրերից հոգեբանորեն չկտրվելու, իրենց ինքնության սերմն այս հողին պահ տալու համար այդ բնակավայրերի անուններով կոչեցին Հայաստանում իրենց բաժին հասած գյուղերն ու քաղաքները, ավաններն ու թաղամասերը ու համախմբվեցին նոր Այնթապի, Մալաթիայի, Արաբկիրի… շուրջը: Ստեղծվեցին հայրենակցական միություններ, որոնք փրկօղակ եղան եղեռնը վերապրածների համար: Այդ միությունների շնորհիվ պահպանվեց մեր հայրենակիցների տեղային մշակույթը, խոսվածքը, սովորույթները: Այդպիսով փրկվեց նրանց հուշը, որ նույնն է, թե փրկվեցին այդ հուշը կրողները` նրանց մարդկային, քաղաքացիական տեսակը: Այդ հայրենակցական միությունները մեծ ու կարևոր խնդիր ունեին լուծելու ու փաստորեն միանգամայն դրական դերակատարություն ունեցան:

Այսօր մեզանում գործող հայրենակցական միություններն իրենք են հոգեբանական խնդիրներ առաջացնում և այդ միություններին, մեղմ ասած, դժվար է դրական գնահատական տալը: Դրանք շոկոլադապատ վնասակար նյութի պես մի բան են, որ ներքին թունավորում են առաջացնում: Նման հանրային միավորումներն արհեստականորեն ձևվել են մեր փոքրիկ երկրի վրա: Անհրաժեշտ է վերանայել այդ միությունների գոյության ու գործունեության խնդիրը: Պետք է տալ դրանց անհրաժեշտության ապացույցը, նշանակության վերլուծությունը: Այդ միությունները, որոնք բացահայտորեն նպատակամղված են սատարելու այս կամ այն ընտրություններում այս կամ այն քաղաքական ուժին կամ գործչին, աննկատ մասնատում են մեր ժողովրդին: Նրանք ոչ այնքան նպաստում են տվյալ տարածքի, այսպես ասած` նույն հող ու ջրի մարդկանց միախմբելուն, նրանց տեղային մշակույթը, կենցաղային տարրերը, պատմությունը պահպանելուն, որքան սահմանազատում են լոռեցիներին վայքեցիներից, սյունիքցիներից և այլն: Հայրենակցական միությունները կտրատում են առանց այդ էլ հազար ու մի չափումներով պառակտված մեր ժողովրդին: Նմանատիպ միությունների ստեղծման իրական դրդապատճառը Հայաստանում ձևավորված <<քվե բերողի>> ինստիտուտում գերազանց առաջադիմություն ցուցաբերելն է: Որքան մեծ է հայրենակցական միությունը, այնքան մեծ է նրա ղեկավարի` որպես <<քվե բերողի>> քաղաքական կշիռը: Բայց հայրենակցական միությունների ամենասև գործը մեզանում այն է, որ նրանք հակակշռում են ազգային միասնության գաղափարին: Այս <<տարածքային կտրատվածությանը>> գումարվում են բազմաթիվ այլ թիմային, կրոնական տարանջատումներ, որոնցից ազատվելու հրատապության մասին խորհելիս երիցս մարգարեական է հնչում Չարենցի ուղերձը` <<Ով, հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքան ուժի մեջ է>>: Ի դեպ, հենց այս ուղերձն են որպես իրենց գործունեության բնաբան ընտրում նշված տարանջատիչները:

Մեզանում տարակուսելի միտում ունեն նաև շարան-շարան, առանց իրական գաղափարական հենքի ստեղծված կուսակցությունները: Պետականության կայացման համար անհրաժեշտ է նաև ձերբազատվել այդ թիմային, կուսակցական փոքրություններից: <<Կուսակցամոլը թշնամին է իր ժողովրդի, բարեկամը` իր ժողովրդի թշնամիների>>: Նժդեհյան այս ոսկե կանոնի լավագույն օրինակը բոլշևիզմն էր, երբ պետականորեն ազդարարվեց մեծ տեռորի մեկնարկը ու ամբողջ երկիրը վերածվեց տեռորիստական կառույցի: <<Կոմսյուգը>> կուսակցական խանդավառությամբ իր ժողովրդի սերուցքին կորստյան մատնելու քվոտաներ էր պահանջում Մոսկվայից: Ազգուրաց, մոլեռանդ կուսակցամոլներն այդ տարիներին խորհրդային միության տարածքում 50 մլն անմեղ զոհ տվեցին` շատ ավելի, քան ֆաշիզմը:

Այսօր մեզանում մահվան քվոտային փոխարինելու է եկել <<քաղաքակիրթ>> քվեն: Ցավոք սրտի, քվե բերողների ձեռքերը հասնում են նաև կրթական հաստատություններին` տնօրենների միջոցով ծնողական համայնքի վրա ճնշում գործադրելու միտումով:

Քանի որ հիշեցինք Նժդեհին, խոսենք նաև մի ցավոտ հարցի մասին: Մեր անկախ երկիրն արդեն քանի տարի է` հանդուրժում է Նժդեհի անվան Սպանդարյան հրապարակի գոյությունը: Մեծ ազատասերն իր երազած անկախ հայերնիքում էլ գտնվում է կոմունիստական ճնշման տակ: Նժդեհի անվան հրապարակում Սուրեն Սպանդարյանի արձանի ներկայությունն ըստ իս կոմունիստների սրտով էլ չպիտի լինի: Գոնե նրանք ձեռնարկեին նվիիրյալ կոմունիստի արձանի օտարումը Նժդեհի անվան հրապարակից: Խոսքը կոմունիստական անցյալը ջնջելու մասին չէ, այլ մեր երկրի գաղափարական փնթիության:

Օրակարգում պետք է դնել արտագաղթի հարցը: Այն պետք է ոչ թե կասեցնել, այլ պետք է չնպաստել դրան: Մեր պետությունն ու կառավարությունը բարձրաձայն ու միանգամայն հստակ պետք է հայտարարեն, թե ուր է գնում Հայաստանը: Ինչպիսին պետք է լինի երկիրը, ինչպիսին պետք է լինի քաղաքացին: Իմ համոզմամբ, անկախ այդ հայտարարության բովանդակությունից, այն մեծ չափով կկանխի արտագաղթը, քանի որ մարդիկ ավելի շատ լքում են Հայաստանը ոչ այն պատճառով, որ համաձայն չեն երկրի դիրքորոշման հետ, այլ այն պատճառով, որ ոչ մի կերպ չեն հասկանում այս երկրի դիրքորոշումը:

Այս բոլոր հարցերը օրակարգում դնելն ու դրանց համալիր լուծում տալը բխում է հենց պետական պաշտոնյաների շահերից: Խնդիրը միայն այն չէ, որ իրենք էլ են այս երկրում ապրում, իսկ վատ երկրում լավ ապրելն այնքան էլ հարմար բան չէ: Խնդիրը շատ ավելի պարզունակ է` վաղը նորից ընտրություններ են լինելու, ու նրանք վաղը նորից գնալու են ժողովրդի դուռը` քվեի հետևից: Ու կգա, հաստատ կգա մի օր, որ ժողովրդին թերագնահատող իշխանավորին չեն օգնի ո’չ հայրենակցական միությունները, ո’չ կուսակցությունները:

Այն անօգուտ ջանքերը, որ զուր վատնվում են, կիսով չափ կարելի է ուղղել այս խնդիրներին և ունենալ ժողովրդի անկեղծ վստահությունն ու աջակցությունը: Այդ դեպքում ժողովուրդն առանց կողմնակի միջամտությունների կտա իր քվեն իշխանավորին, որն էլ հանգիստ խղճով երկրի կեցության համար անհրաժեշտ խնդիրների իննսուն տոկոսը կբարդի ժողովրդի վրա, ու ժողովուրդն այդ բեռն ավելի թեթև ու սիրով կտանի, քան իր հանապազօրյա հացը մի կերպ փախցնելու բեռը: Դրան անմիջապես կհետևի երկրում տիրող իրավիճակի նկատմամբ ժողովրդի պատասխանատվությունը: Եվ հենց սա է ժողովրդավարությունը:

Այդ դեպքում, հաստատ, մեր ժողովուրդը կհարգի իր ներկան ու չի պարծենա իր անցյալով: Իր անցյալով պարծենում է չբավարարված ժողովուրդը: Բավարարված ժողովուրդը պարզապես ճանաչում է իր անցյալը` իր պատմությունն ու նրա տված դասերը:

Այդ դեպքում գուցե աշխարհին լավ իմաստով կհետաքրքրի այն ինչ ունենք ու այն, ինչ երբեք չենք կորցնելու:

Facebook Comments