ՋԱԲԻ կամ ԱՆԱՎԱՐՏ ԱՊԱԳԱՅԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ (Գրական անհեթեթություն). Շուտով

Հովհաննես Թոքմաջյանի «ՋԱԲԻ ԿԱՄ ԱՆԱՎԱՐՏ ԱՊԱԳԱՅԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ» ստեղծագործությունն աբսուրդի թատրոնի գաղափարագեղագիտական համակարգի հենքով կերտված նմուշ է: Պիեսում ինքնատիպորեն դրսևորվում և մեկնաբանվում են Երկրորդ աշխարհամարտին հաջորդած մարդկային գիտակցության ճգնաժամին բնորոշ աշխարհն իբրև անիմաստ, անտրամաբանական փաստերի, արարքների, ճակատագրերի ու բառերի կույտ ընկալելու, մարդու կորսվածության և օտարվածության, մարդկային գոյության անհեթեթության՝ անցյալի, ներկայի ու ապագայի խաչուղիներում արժևորվող իրողություններ:

Հանս Ֆալլադայի «Յուրաքանչյուրը մեռնում է միայնակ» վեպում մի այսպիսի միտք կա. ինչը չգիտես, դրա համար չես տառապում: Հավատարիմ մնալով Ալբեր Քամյուի փիլիսոփայական այն տեսակետին, որ առավել դժբախտ են նրանք, ովքեր ամեն ինչ հասկանում են, Թոքմաջյանը տարբերակում և խմբավորում է այդ մարդկանց այնպես, ինչպես, օրինակ, խմբավորում են ըստ ազգային պատկանելության, մասնագիտական որակավորման կամ խառնվածքային առանձնահատկությունների: Այդպիսի մարդիկ, հեղինակի համոզմունքով, ուրիշներից առավել են տառապում, քանի որ խորն են հասկանում ինչպես կյանքում իրենց վերապահված դերի, առաքելության սահմանները, այնպես էլ մարդկային ստորության անսահման խորությունը, կեցության ողբերգականությունը:

Ինչպես Թոքմաջյանի այլ ստեղծագործություններում («Հեքիաթ միայնակ  թագավորի մասին», «Երկխոսություն», «Հեքիաթ փոքրիկ աղջկա, թութակի և արքայամորու մասին»), այստեղ էլ չկա ժամանակի ու տարածության որևէ սահման ու սահմանափակում, նկատվում են անցյալի ու ապագայի «տեղախախտումներ» ու փոխներթափանցումներ, անաքրոնիայի՝ պրոլեպսիսի ու անալեպսիսի ինքնատիպ դրսևորումներ: Թեև պիեսը կոչվում է «Անավարտ ապագայի արձագանքը», սակայն ամենուր անցյալի փշրանքներ են, որոնք երբեք չեն համախմբվում ու չեն կրկնվում, սակայն ուղեկցում են մեզ հավերժ: Յուրաքանչյուրին՝ յուրովի ու ամեն մեկին՝ առանձնաբար:

Թոքմաջյանի ստեղծագործության առանցքում  բարոյականության արժևորումն է: Հրապարակ է նետվում տեսակետ, ըստ որի մարդու համար ամենակարևորը ամենևին էլ կյանքը չէ, այլ հավերժության վերապրումն ու ներապրումը, երբ ունեցածդ անմնացորդ փոխանցում ես ուրիշներին ու դա անում ես առանց ափսոսանքի: Եվ մի՞թե Սթիվեն Հոքինգի աշխարհընկալումը նույնը չէ… հաշմանդամի սայլակին գամված, այն հաճարի, ում աթեիստական գաղափարները շատ ավելի «աստվածային» են, քան հավատացյալներից շատերինը:

«Ջաբի…»-ն Հովհաննես Թոքմաջյանը սկսել է գրել 2013 թվականի օգոստոսին՝ Սիեթլում, երբ Բոինգների գերժամանակակից գործարանից դուրս գալուց հետո փոքրիկ հրապարակում հանկարծ հանդիպում է Երկրորդ աշխարհամարտի օրերի երաժշտության տակ պարող տարեց մարդկանց՝ իր իսկ վկայությամբ՝ այդ պահին զգալով կյանքի ունայնության ողջ դրամատիզմը: Կարճ ժամանակ հետո նա դադարում է աշխատել այս գործի վրա՝ այն համարելով անհեթեթություն: Սակայն մեկ տարի անց՝ 2014թ. օգոստոսին, Մադրիդի պատկերասրահում Թոքմաջյանը դեմառդեմ հանդիպում է իր մտահաղացման կերպարներին՝ Ջաբիին, կոմիսարին ու կապիկին, ովքեր դեռ XVI դարում Էլ Գրեկոյի կերտած կտավից հիշեցնում են իրենց գոյության մասին…  Հեղինակը որոշում է շարունակել աշխատանքը ստեղծագործության վրա, սակայն մեկ ամիս անց՝ 2014 թ. սեպտեմբերի 5-ին, Պոլիտեխնիկում տեղի ունեցած դրամատիկ դեպքերի հետևանքով, ստեղծագործական աշխատանքներն իրենց տեղն են զիջում ամենօրյա պայքարի բարդ ժամանակահատվածին, որը տևում է 5 տարի, 2 ամիս ու 27 օր:

Եվ ահա, անձրևային մի երեկո՝ Շուշիից Երևան գալիս, ավտոմեքենայի ռադիոընդունիչից դուրս է հորդում 1984թ. մահկանացուն կնքած Յուրի Վիզբորի հեղինակային երգը (այստեղ) որն իր անավարտ ստեղծագործության՝ «Ջաբի…»-ի մասին հիշեցում էր կարծես…

Այս երրորդ ազդակից հետո պիեսի վրա աշխատանքը վերսկսվում է և արդեն մոտ է իր տրամաբանական ավարտին: Շուտով այն կկարողանանք ներկայացնել ընթերցողի դատին:

Լիլիթ Սեյրանյան

«Ջաբի կամ Անավարտ ապագայի արձագանքը» ստեղծագործության խմբագիր,

բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

P.s.  Նկարները` Էլ Գրեկոյի և ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի

Facebook Comments