Պարոն ռեկտոր. Ձեր տեղակալ Մարինե Ղազարյանը պատրաստ է պաշտպանելու ատենախոսություն, իսկ գերազանցիկ ասպիրանտ Արթուր Մուսայելյանը՝ ո՞չ

Aravot.am-ն անդրադարձել է Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ասպիրանտ Արթուր Մուսայելյանի խնդրին, ով պնդում է, թե ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը խոչընդոտում է իր` ատենախոսություն պաշտպանելու գործընթացին ( այստեղ, այստեղ):

Թեմայի վերաբերյալ Aravot.am-ը մեկնաբանություն է խնդրել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից: Նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանն, ի պատասխան Aravot.am-ի հարցման, թե ինչ քայլեր է ձեռնարկել նախարարությունը խնդիրը հարթելու համար, հայտնել է հետեւյալը.

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում Արթուր Մուսայելյանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ու նախարարության ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում, ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Ա. Մուսայելյանը պետք է ավարտուն տեսքի հասցնի ատենախոսությունը, հրապարակման ներկայացնի իր գիտական հոդվածները և պատրաստի սեղմագիրը, որից հետո սահմանված կարգով կիրականացվի նրա ատենախոսության պաշտպանության աշխատանքները: Ի դեպ, համաձայն բուհի ներկայացրած տեղեկատվության, մինչ այս Արթուր Մուսայելյանը վերոնշյալ աշխատանքները չի իրականացրել»:

Սա աբսուրդի թատրոնից է: Նույն համալսարանի պրոֆեսոր Պետրոս Համբարձումյանն, օրեր առաջ անդրադարձել է Արթուր Մուսայելյանի հետ կապված այս խնդրին և տվել՝ հիմնավոր մեկնաբանություններ (այստեղ): 

Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.

  1. Այսպիսի թեմա տեխնիկական բուհի շրջանավարտի համար հաստատելը, կարելի է որակավորել, որպես այս ոլորտում՝ գիտխորհրդի նախագահի՝ ռեկտոր Գագիկ Գալստյանի բացարձակ անտեղյակության արդյունք: Հիմնավորում. Հավանաբար ատենախոսության պաշտպանությունը ցանկացել են իրականացնել Ե 23.01 — “Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ, շինարարական նյութեր և շինարարական մեխանիկա” մասնագիտությամբ: Բայց միթե՞ այս թեման համապատասխանում է շինարարական մեխանիկային: Իհարկե ոչ: Հազար անգամ ոչ: Սա ընդհանրապես, ” Ե 00.00 — “Տեխնիկական գիտություններ” բնագավառից չէ, այլ “ուղն ու ծուծով” Ա 02.00 “Մեխանիկա” բնագավառից է: Հաստատել ատենախոսության այսպիսի թեմա ու տալ տեխնիկական բուհի շրջանավարտին, նշանակում է կանխամտածված դատապարտել նրան անհաջողության, իր հնարավորությունների նկատմամբ վստահության կորստի, ու ի վերջո՝ ստեղծված իրավիճակում հայտնվելու անխուսափելիության: Նախ թեման 99,9 տոկոսով տեսական է և միայն անուղղակի կերպով կարող է առնչվել ինժեներական խնդիրներին, ուստի այսպիսի խնդիր կարող է առաջադրվել պետական համալսարանի, այլ որ թե ճարտարապետաշինարարական համալսարանի շրջանավարտին, երկրորդ. այսպիսի ուղղվածության աշխատանք կատարելու համար, անհրաժեշտ է մաթեմատիկայի հատուկ կուրսերի խորը իմացություն, որը չի կարող ունենալ ընդամենը 4 կիսամյակ մաթեմատիկա ուսուցանող բուհի շրջանավարտը: Իհարկե, պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ պոլիտեխնիկի շրջանավարտները հաղթահարել են այդ արգելքը՝ Թորգոմ Խաչատրյան, Օգսեն Սապոնջյան, Գրիգոր Գուրզադյան ու շատ ուրիշներ, սակայն դա արվել է մաթեմատիկայի և այլ տեսական առարկաների լրացուցիչ, երկարաժամկետ ուսումնառության անխուսափելի գործընթացից հետո:
  2. Ատենախոսության վերաբերյալ ասպիրանտ Մուսաելյանի գիտական ղեկավար Կարո Աղայանն, օրերս,  մեկ տասնյակից ավել դիտողություններ է ներկայացրել.  ատենախոսության վերնագիրը փոխել, անոտացիան նորից գրել, խնդրի դրվածքը վերանայել, հավասարման եզրային պայմանները գրել նոր առնչության միջոցով, ներմուծել նոր ֆունկցիա և թռիչքները, կատարել Ֆուրիեի ձևափոխություն, գրել նոր բանաձևեր ու ստանալ դրանց լուծումները, կատարել թվային հաշվարկներ, և այլն… Եվ այս դիտողությունները ասպիրանտին ներկայացվում են 2019թ. հուլիսի 10-ին, այսինքն այն ժամանակ, երբ ասպիրանտուրայում ուսումնառության նրա ժամկետն արդեն ավարտված է: Հիմնավորում. Համալսարանում բոլորը գիտեն, որ Կարո Աղայանի արված դիտողություններից, ռեկտոր Գագիկ Գալստյանը ոչինչ չի կարող հասկանալ, սակայն գիտքարտուղար Լևոն Լևոնյանը և նրա հետ միասին  ևս մի քանի մասնագետներ պիտի հստակ արձագանքեին սրան ու ասեին. էս ի՞նչ եք անում: Երեք տարի ասպիրանտուրայում սովորելու տարիներին ինչո՞վ եք զբաղվել, որ վերջնագծում ատենախոսության ամբողջ ծավալին համադրելի նոր առաջադրանք եք ձևավորում: Սակայն նրանք այս մասին լռել են՝ թողնելով երիտասարդ մարդու ճակատագիրը ինքնահոսի: Եթե ասպիրանտը չէր կարող այս թեմայով գիտական հետազոտությամբ զբաղվել, ապա ժամանակին պիտի փոխվեր և թեման և, անհրաժեշտության դեպքում՝ գիտական ղեկավարը: Իսկ եթե ասպիրանտը չէր ուզում գիտական հետազոտությամբ զբաղվել, ապա նա, ատեստավորման արդյունքներով, վաղուց պիտի հեռացված լիներ ասպիրանտուրայից: Չի արվել ոչ մեկը և ոչ՝ մյուսը:

Կարծում ենք, որ սա հենց այն դեպքն է, երբ ասպիրանտը հաղթահարել է հիմնական դժվարությունները, սակայն բուհը անտարբեր է մնացել նրա խնդիրների հանդեպ: Ասպիրանտ Արթուր Մուսայելյանը սովորել է գերազանցությամբ: Որակավորման քննությունից ստացել է գերազանց: 10 կրեդիտ մաթեմատիկան՝ ակադեմիկոս Սուրեն Մխիթարյանի կողմից գնահատվել է գերազանց՝ 20 հնարավորից՝ 20 բալ: Սա անառարկելի ապացույնցն է այն բանի, որ ասպիրանտի մեջ չէ խնդիրը՝ այլ համալսարանի ու առաջին հերթին՝ գիտական ղեկավար Կարո Աղայանի ու ռեկտոր Գագիկ Գալստյանի:

Եվ վերջապես մի հռետորական հարց ուղղենք ռեկտոր Գալստյանին. Ձեր տեղակալ, հաշվապահ Մարինե Ղազարյանը պատրաստ է պաշտպանելու տեխնիկական գիտությունների աստիճանի հայցման ատենախոսություն, իսկ գերազանցիկ ասպիրանտ Արթուր Մուսայելյանը՝ ո՞չ: Ամոթից, “գետինը մտնել” կարելի է:

Երբ նայում ես ըստ տարիների ճարտարապետաշինարարական համալսարանում ասպիրանտների, հայցորդների ու դոկտորանտների գումարային քանակի փոփոխման դիագրամին սարսափում ես: 5 տարիների ընթացքում այդ թիվը նվազել է շուրջ 2 անգամ՝ 2012թ.՝ 91-ի փոխարեն, 2018թ.՝ 50: Միթե՞ այդ ապաշնորհ, կիսագրագետ անձնավորությանը՝ Գագիկ Գալստյանին, բուհի ռեկտորի պաշտոնում պիտի հանդուրժենք այնքան, որ մնացած ամեն ինչն էլ ավերի, նոր միայն հասկանանք որ մեղավոր ենք: Հինգ տարի այս մեղքի տակ ենք ապրել ու շարունակում ենք ապրել: Բավական է:

Գագիկ Ներսիսյան

Facebook Comments