Նոր զարգացումներ ճարտարապետաշինարարականում. Մարինե Ղազարյանի ատենախոսությունը պրոֆեսոր Փետեոտյանին տրամադրվել է, Թոքմաջյանին՝ ոչ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում սկիզբ առած խուլ դժգոհությունները, կապված բուհի  պրոռեկտոր Մարինե Ղազարյանին գիտական աստիճան շնորհելու գործընթաց սկսելու կապակցությամբ (այստեղ , այստեղ), նոր զարգացումներ են ստանում:

Այս հարցում, ռեկտոր Գալստյանին, առաջին մոտեցմամբ, չէր հաջողվել խնդիրը լուծել “ներքին խոհանոցում”, կիրառելով իրեն հոգեհարազատ` “Լավ եմ անում” գործելաոճը:

Մարինե Ղազարյանի ատենախոսության նախնական ուսումնասիրությունը կազմակերպելու և եզրակացություն ներկայացնելու նպատակով ԲՈԿ-ը հաստատել էր տ.գ.դ., պրոֆեսոր Արկադի Բարխուդարյանին, տ.գ.դ., պրոֆեսոր Ռազմիկ Փետեոտյանին, տ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանին:

Եթե ռեկտոր Գալստյանը կարող էր հույս ունենալ օգտագործելով ադմինիստրատիվ լծակներ, ինչ որ կերպ ազդել իր ենթակայությամբ աշխատող Արկադի Բարխուդարյանի և Ռազմիկ Փետևոտյանի վրա ու նրանցից “կորզել” ցանկալի որոշում, ապա Հովհաննես Թոքմաջյանի վրա ազդելու նա որևէ տարբերակ չունի:

Երեկ, պրոֆեսոր Ռազմիկ Փետեոտյանը հայտնել էր հետևյալը. 

“Մարինե Ղազարյանը զանգահարեց ինձ ու ասաց, որ երկուշաբթի (22.07.2019) առավոտյան կարծիքս բերեմ: Ես նրան ասացի, որ առանց ատենախոսությունը տեսնելու, կարծիք չեմ կարող գրել: Մարինան ասաց, որ երկուշաբթի կստանամ ատենախոսության օրինակը և ասաց նաև, որ հանձնաժողովի կազմը փոխվելու է, լինելու է նախնական տարբերակով, այսինքն՝ Թոքմաջյանի փոխարեն լինելու է պրոռեկտոր Սաֆարյանի կինը՝ Նարինե Փիրումյանը”:

Այսօր՝ հուլիսի 22-ին, ԲՈԿ-ի կողմից եռյակի հաստատման 11-րդ օրը, պրոռեկտոր Մարինե Ղազարյանն իր ատենախոսությունը բարեհաճել է տրամադրել պրոֆեսոր Ռազմիկ Փետեոտյանին և կրկին պահանջել նրանից՝ շուտափույթ կարծիք տալ:

Ռազմիկ Փետեոտյանը խնդրել է գիտքարտուղար Էմիլ Խաչատրյանին պարզել, կա՞ արդյոք փոփոխություն եռյակի կազմում: Էմիլ Խաչատրյանը ստուգել է փոստը և ասել, որ փոփոխություններ չկան: Եռյակի կազմը դեռևս նույնն է՝ Բարխուդարյան, Փետեոտյան, Թոքմաջյան:

Հովհաննես Թոքմաջյանից տեղեկացանք, որ իրեն քննարկվող ատենախոսությունը դեռևս չի տրամադրվել:

Փաստորեն, Գագիկ Գալստյանը և Մարինե Ղազարյանը շարունակում են բուհում իրենց հակաօրինական գործողությունները: Միայն այն հանգամանքը, որ  իրենից ոչինչ չներկայացնող չինովնիկ Մարինե Ղազարյանը, կարող է իրեն թույլ տալ պատվարժան պրոֆեսորից հապշտապ կարծիք պահանջել, խոսում է համալսարանում տիրող գաղջ մթնոլորտի մասին:

Ակնհայտ է. ովքեր այսօր կկանգնեն Գագիկ Գալստյանի կողքին, վաղը կիսելու են նրա կողմից կարարած հակաօրինական արարքների բեռը:

Գագիկ Ներսիսյան

 

 

Facebook Comments