«Նորարարությունն է լինելու ապագա զարգացման լոկոմոտիվը»,- ՀՀ նախագահ

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում անցկացված ձեռնարկատիրության, նորարարության և քննադատական մտածողության թեմայով կոնֆերանսին։ Այս մասին գրում է “Հայկական Ժամանակը”:

B4b.am-ին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ հանդես գալով ելույթով՝ Հանրապետության նախագահ, ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ ՀԲԸՄ- ն և՛ համաշխարհային, և՛ մաքուր հայկական կառույց է, որը ծառայում է ոչ միայն մեր ժողովրդի, այլև ողջ մարդկության շահերին:

«Մենք մուտք ենք գործում սրընթաց էվոլյուցիայի ժամանակաշրջան,- ասել է նախագահ Սարգսյանը: «Դրա ակունքներում 20-րդ դարում արված հետազոտություններն են, գիտական հայտնագործությունները մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության ոլորտներում, նոր աշխարհի օրենքների հայտնագործումը, որոնք քվանտային օրենքներ են, քվանտային մեխանիկան՝ մինչև հարաբերականության տեսությունը, գրավիտացիան և այլն: 20-րդ դարում մենք զբաղվում էինք հետազոտություններով որպես ակադեմիական աշխատանք: Սակայն եկել է ժամանակը, երբ այդ հետազոտությունների արդյունքները դառնում են ինդուստրիալ»,- ասել է նախագահը:

Նոր տեխնոլոգիաների ու բացահայտումների շարքում անդրադառնալով արհեստական բանականությանը՝ Հայաստանի նախագահը նշել է, որ այն մեծ ու առանցքային դերակատարում է ունենալու և մեծ ու դրամատիկ փոփոխություններ մտցնելու մեր կյանքում: «Այն ազդելու է մեր կյանքի վրա՝ սկսած խոշոր քաղաքները կառավարելուց մինչև այդ քաղաքներում կյանքը հեշտացնելը,-նշել է նախագահ Սարգսյանը:- Երևանն ունի նույն խնդիրները, ինչ Փարիզը: Ի վերջո, այդ խնդիրների լուծումը լինելու է արհեստական բանականությունը»:

Նրա խոսքով, արհեստական բանականությունը փոփոխություն է մտցնելու նաև առողջապահության ոլորտում, ինչի արդյունքում առողջապահական հետազոտության արդյունքները կարող են ստացվել րոպեների ընթացքում: «Արհեստական բանականության միջոցով մենք կարող ենք բարելավել մեր իմունային համակարգը, պայքարել քաղցկեղի դեմ, ապրել ավելի երկար: Այսինքն, այս ամենը կարող է հիմնովին փոխել մեր կյանքը»,- ասել է նախագահ Սարգսյանը::

Հաջորդը, որ կարևորել է Հայաստանի նախագահը, ստարտափներն են: «Դրանք հրաշալի գաղափարներ են, բիզնես սկսելու նոր՝ 21-րդ դարի տարբերակը՝ ազատություն տալով մարդկանց նորարարական ուժին,- ասել է Արմեն Սարգսյանը: – 21-րդ դարում երիտասարդներն ունեն բավարար գործիքներ՝ ՏՏ գործիքները, նորարարությունները կամ տեղեկատվությունը՝ լինելու ստեղծարար: Նայեք աշխարհի ամենախոշոր ընկերություններին, արդյո՞ք դրանք հին, մեծ, ինդուստրիալ ընկերություններն են, կապված են բնական պաշարների հետ: Ո՛չ: Microsoft, Google, Facebook և այլն. բոլորն էլ սկիզբ են առել մի քանի անհատից կողմից, ովքեր նորարարության ուժն են ունեցել»:

Իր ելույթի հաջորդ թեման հանրապետության նախագահն անվանել է իրականություն և վիրտուալ աշխարհ. «Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ վիրտուալի ու իրականի միջև սահմանները վերանում են»,-նշել է նա:

Երիտասարդներին դիմելով՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Եթե ես լինեի մեկը, ում՝ որպես պրոֆեսորի, խնդրում են խորհուրդ տալ, թե ինչ անել կյանքում հաջողակ լինելու համար, արդյոք պետք է լինել ուսուցիչ, իրավաբան, բժիշկ կամ մեկ այլ բան, իմ պատասխանը կլինի հետևյալը՝ պետք չէ մտածել ինչ-որ մեկը դառնալու մասին: Նախ և առաջ բացահայտիր ինքդ քեզ, հասկացիր՝ ով ես, ինչ որակներ ունես, քանի որ ամեն երեխա ծնվում է ինչ-որ տաղանդով»,- շեշտել է Արմեն Սարգսյանը:
Իր խոսքի վերջում նախագահն անդրադաձել է բարոյականության սկզբունքին: «Մենք կարող ենք ունենալ արհեստական բանականություն, մեծ հաջողություններ տեխնոլոգիաներում, սակայն եթե չունենք բարոյականություն, ապա դատապարտված ենք,- ասել է Հայաստանի Հանրապետության նախագահը:

Ո՞րն է այս ամենի մեջ Հայաստանի տեղը: Հայաստանում ևս սկսվել է էվոլյուցիա տեխնոլոգիաների, գիտության, քաղաքական կառուցվածքի ոլորտներում: Մենք կարող ենք այս ամենի մեջ լինել աշխարհում առաջատարը, քանի որ սրընթաց էվոլյուցիայի շարժիչ ուժը գլոբալիզացիան է, գլոբալ փոխկապակցվածությունը: Մենք յուրահատուկ ազգ ենք՝ փոքր պետություն, բայց համաշխարհային ազգ, որը փոխկապակցված է և ինտերակտիվ»:

Նախագահը նաև անդրադարձել է ստարտափների ներուժին և Սևան ստարտափ սամիթին: «Ես այս տարի եղա Սևանում, դա պարզապես ֆանտաստիկ էր: Արտադրության, նորարարության նոր մշակույթը կարևոր է, և մենք կարող ենք հաջողակ լինել այստեղ: Անգամ խոշոր ընկերությունները հասկանում են, որ հաջողակ լինելու համար պետք է խրախուսեն նորարարություններն ու ստարտափները: Նորարարությունն է լինելու ապագա զարգացման լոկոմոտիվը և մենք այստեղ շատ լավ դիրքերում ենք»,- վստահություն է հայտնել Արմեն Սարգսյանը:

Նա նաև անդրադարձել է երիտասարդներին և հայերի՝ վերածնվելու բացառիկ հատկությանը: «Մենք սերունդներն ենք նրանց, ովքեր տառապել են 1915 թվականի ցեղասպանության հետևանքով: Այն իրականացվեց մեզ ոչնչացնելու համար, սակայն մենք ունենք վերածնվելու ու վերակենդանանալու հզոր ուժ: Ուստի, ապրիլի 24-ը ոչ միայն հիշատակի օր է: Այդ օրը մենք ապացուցում ենք ողջ աշխարհին, որ հայերը չեն կարող ոչնչացվել»,- եզրափակել է ՀՀ նախագահը:

Աղբյուրն՝ այստեղ

Facebook Comments