Նախարար Արայիկ Հարությունյանն ընտրություն պիտի կատարի …

ՀՀ կրթության լիազոր մարմնի ղեկավարը՝ նախարար Արայիկ Հարությունյանը, խոսելով տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցող գործընթացների մասին, ասել է. “Բուհ-ում նորմալ գործընթացներ են, առողջացման գործընթացներ են գնում, բնականաբար, դա որոշակի դիմադրություն պետք է առաջացնի, բայց եթե դասախոսները կոնկրետ հարցեր են բարձրացնում, նախարարությունն անպայման այդ կոնկրետ հարցերին կանդրադառնա”: (այստեղ): 

Միևնույն ժամանակ, նախարար Արայիկ Հարությունյանը ոչինչ չի ասել, ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական ատենախոսությունում բացահայտված գրագողության դեպքերի մասին: 

Ռուբեն Հայրապետյան և Գագիկ Գալստյան. երկու ռեկտոր, ովքեր արտագրություններ են արել իրենց դոկտորական ատենախոսությունում:

Անթույլատրելի իրավիճակ է ստեղծվել մեր երկրի բուհական համակարգում:

Իսկ նախարար Արայիկ Հարությունյանն այս մասին շարունակում է լռել:

Գուցե՞ նա համարում է, որ համալսարանի ռեկտոր կարող է աշխատել գրագողության մեջ “բռնված” անձը:

Այլ կերպ ասած, գրագողը բուհում կարո՞ղ է ինչ-որ նորմալ գործընթացներ իրականացնել: 

Սա որևէ քննադատության չենթարկվող մոտեցում է և լուրջ մտորումների տեղիք է տալիս:

Մեր կարծիքով, գրագողությունը գողության տեսակներից մեկն է: Մենք գողին դատում և բանտ ենք ուղարկում: Ոչ-ոք չի կասկածում, որ դա պետք է հենց այդպես լինի: Եվ եթե գողի տեղը՝ բանտն է, ապա գրագողի տեղը, ոչ մի կերպ, չի կարող լինել ռեկտորի աթոռը:

Մյուս կողմից, եթե որևէ անձ հակաօրինական  բան է արել, ապա այն միակը լինել չի կարող:  Գագիկ Գալստյանի բազմաթիվ ապօրինությունների մասին մենք շատ ենք գրել: Կրթության լիազոր մարմնի կողմից ոչ մի արձագանք:

Եվ ահա, tert.am -ի հաղորդման համաձայն, ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը կեղծարար է ոչ միայն գիտությունում, այլև կեղծում է իր կենսագրությունը։ Նպատա՞կը․․․ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՊՏՀ դասախոս Գագիկ Շահնազարյանը: “Հարց է առաջանում. ինչո՞ւ է ռեկտորի պաշտոնակատարը կեղծել իր կենսագրությունը։ Գուցե՞ դրա պատճառն այն է, որ ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման հավելված N 1 «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման)» ընդհանուր կարգի 9-րդ կետի բ ենթակետով ՊՈԱԿ-ի գործադիր մարմինների ընտրության պարտադիր պայմաններից է «ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժ․․․”։ (այստեղ)

Եթե պարզվի, որ այս տեղեկատվությունը ճիշտ է, ապա գրագողության հետ կապված խնդիրներին կգումարվի կեղծիքը, իր հետ բերելով ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում Ռուբեն Հայրապետյանի նշանակման պատասխանատվության հարցը, որից չի կարող խուսափել նաև նախարար Արայիկ Հարությունյանը:

Այսպիսով, ուրվագծվում է մի իրավիճակ, երբ Հայաստանի երկու կարևոր բուհերի ռեկտորներ` Ռուբեն Հայրապետյանը և Գագիկ Գալստյանը ոչ միայն զբաղվել են գրագողությամբ, այլ նաև նաև նրանց երկուսի անունն էլ շոշափվում է կեղծիքների հետ:

Եվ այս պայմաններում, նախարար Արայիկ Հարությունյանն ընտրություն պիտի կատարի. հանդես գալ օրինազանց երկու ռեկտորներին անհապաղ պաշտոնանկ անելու առաջարկով կամ շարունակել պահպանել, մինչ օրս, այս հարցով որդեգրած կրավորական կեցվածքը` այդպիսով պաշտպանելով երկու բուհերի ռեկտորների հակաօրինական գործողությունները:

Ես, Գագիկ Ներսիսյանս, կանգնած լինելով հայոց պետականության վերականգնման ակունքներում, լինելով ՀՀ Գերագույն խորհրդի և ԱԺ առաջին գումարման պատգամավոր, ի սկզբանե պաշտպանել և շարունակում եմ պաշտպանել Նիկոլ Փաշինյանին ու նրա գլխավորած երիտասարդ կառավարությանը: Շատ պիտի ափսոսեմ, եթե դատական և այլ համակարգերում տեղ գտած նեգատիվ խնդիրներին ավելանա նաև համալսարանների ռեկտորների ապօրինությունների անպատժելիության սինդրոմն, ինչն անկասկած ստվերելու է երկրում արդարության վերականգնման գործընթացը: 

Եվս կարևոր մի նկատառում. նախարար Արայիկ Հարությունյանը, խոսելով տնտեսագիտական համալսարնում տեղի ունեցող գործընթացների մասին, քաղաքական կոպիտ սխալ է թույլ տվել: Հարցին` չի ցանկանում արդյոք հանդիպել, զրուցել բողոքող կողմի հետ, նախարար Հարությունյանն ասել է. «Ախր, որ հիմա ասեմ, կասեն՝ասում է: Բողոքողներից մեկը ժամանակին ցանկանում էր ռեկտոր դառնալ, անունը չեմ ուզում տալ: Հիմա ռեկտորի պաշտոնակատարն այլ մարդ է դարձել, այս ուղղությամբ են գնում»: այստեղ

Այ քեզ բան. ի՞նչ է, ռեկտոր դառնալու ցանկությունը` հանցագործությո՞ւն է, թե՞ տնտեսագիտականի ռեկտորի “շորերը” Ռուբեն Հայրապետյանի չափերով է կարված:

Գուցե՞ կրթության նախարարի ցանկալի ռեկտորին այսուհետ քննադատել չի՞ կարելի: Գուցե՞ կրթության նախարար դառնալու ցանկություն էլ, այսուհետ, ոչ ոք չպիտի ունենա:

Եվ վերջինը. եթե բուհերի հոգաբարձուների խորհուրդները շարունակեն իրենց “անպտուղ” գործելավոճը, կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել` “հանցավոր անգործությունը”, ապա դրա քաղաքական պատասխանատվությունը կրելու եք Դուք, պարոն նախարար:

Մասնավորապես, տեղյակ ե՞ք, որ ճարտարապետաշինարարական համալսարանի 4 պրոֆեսոր, բավական ժամանակ է, ինչ լրջագույն հարցադրումներով դիմել են  բուհի հոգաբարձուների խորհրդի անդամներին: այստեղայստեղ

Քար լռություն: 

Սրա համար է՞ր պետք փոխել այդ խորհուրդների կազմերը:  

Բայց սա արդեն այլ խոսակցության թեմա է:

Գագիկ Ներսիսյան

 

P.s. Այս հոդվածն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ լսեցի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսի այն մասը, որը վերաբերում էր իր ատենախոսության մեջ տեղ գտած գրագողության անառարկելի փաստերին:

Լավ կլիներ՝ չլսեի:

Լիովին հիասթափվեցի այդ երիտասարդից: Ավելի լպրծուն ու տրամաբանությունից դուրս դատողություններ վաղուց չէի լսել: Այդ մասին՝ հաջորդիվ: 

Գագիկ Ներսիսյան

Facebook Comments