Մհեր Մարկոսյան. Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիրը՝ միջազգային ճանաչման ճանապարհին

Բարձր տեխնոլոգիաների տեղեկագրի համակարգող խորհուրդը, 2020թ. հունիսի 8-ին, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մհեր Մարկոսյանի նախագահությամբ, նիստ է գումարել: Քննարկվել են գիտական հանդեսի խմբագրական խորհրդի կոմից ներկայացված առաջարկները, տեղեկագրի հրատարակման պարբերությունն ավելացնելու, հրատարակվող հոդվածների ներկայացման և տպագրման երաշխավորման առաջարկները (տեսանյութում):

Խորհուրդը որոշել է Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիրը տպագրել տարեկան չորս համարով՝ յուրաքանչյուրը՝ 101 օրանակ տպաքանակով: Բացի այդ, անհրաժեշտության դեպքում, հրատարակել հատուկ թողարկումներ, այդ թվում, ուսանողական գիտաժողովի նյութեր հրատարակելու համար:

Տեղեկագիրն այսուհետ ևս կհրատարակվի անգլերեն լեզվով՝ հայերեն և ռուսերեն ամփոփումներով:

Նոր կարգի համաձայն, հոդվածը տպագրության կարող է երաշխավորվել խմբագրական խորհրդի կողմից՝ խմբագրական խորհրդի անդամի կամ գրախոսման ուղարկված մասնագետի կարծիքի հիման վրա։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի գիտական նորույթի առկայության վրա:

Բարձր տեխնոլոգիաների տեղեկագրի համակարգող խորհուրդը հաստատել է  խմբագրական խորհրդի նոր կազմ, որտեղ ընդգրկված են մասնագետներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Վրաստանից, Լեհաստանից, Լիտվայից:

Rector.am-ը զրուցել է տեղեկագրի համակարգող խորհրդի նախագահ Մհեր Մարկոսյանի հետ.

R.am — Պարոն Մարկոսյան, ինչո՞ւ էական փոփոխություններ կատարվեցին տեղեկագրի խմբագրական խորհրդի կազմում. չէ՞ որ նախկին կազմն առավել ներկայացուցչական էր:  

Մ.Մ. — Հասունացել է ժամանակը, երբ խմբագրական խորհուրդը պետք է աշխատի առավել արդյունավետ: Խորհրդի մի շարք նախկին անդամներ ծանրաբեռնված էին այլ աշխատանքներով և նրանց մասնակցությունը խորհրդում ձևական բնույթ էր սկսել կրել: Ցավոք այդպիսի պատկեր է տիրում հանրապետության բազմաթիվ այլ գիտական հանդեսներում: Մենք, այս առումով, կտրուկ քայլ կատարեցինք. մեր տեղեկագրի խմբագրական խորհուրդն այժմ առավել համեստ կազմ ունի, սակայն այն դարձել է աշխատող խորհուրդ: Յուրաքանչյուր հոդված, տպագրության ներկայացնելուց առաջ, շահագրգիռ քննարկման առարկա է դառնում: Խորհրդի նիստերն այժմ տեսագրվում են և տեղադրվում համացանցում: 

R.am — Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում տեղեկագրի միջազգային ճանաչումն ապահովելու համար:

Մ.Մ. — Մենք հիմա հենց այդ ճանապարհին ենք. տեղեկագիրն արդեն ճանաչվում է ՀՀ ԲՈԿ-ի կողմից՝ դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության նպատակով գիտական հոդվածներ տպագրելու համար: Այն ընդգրկվել է նաև Գիտական մեջբերումների ռուսական ինդեքսում («Российский индекс научного цитирования» (РИНЦ): Տեղեկագրի նյութերը տեղադրվում են ռուսական գիտական պարբերականների համակարգում և հասանելի են  այդ համակարգից օգտվող արտերկրի բոլոր օգտատերերի համար: Հաջորդ քայլը՝ ճանապարն է դեպի SCOPUS. ե՞րբ և ինչպե՞ս դա մեզ կհաջողվի, դեռևս դժվարանում եմ ասել, սակայն, այն հանգամանքը, որ Շուշիում տպագրվող գիտական հանդեսը գնում է դեպի միջազգային ճանաչում, դա, արդեն, շատ կարևոր է:

R.am — Ներկայումս ո՞րն է տեղեկագրի հիմնական խնդիրը 

Մ.Մ. — Բարձր գիտական մակարդակ ունեցող գրախոսների պակաս կա: Սա շատ լուրջ խնդիր է մեր երկրի համար: Ամեն դեպքում, փորձելու ենք ապահովել տպագրվող նյութերի որակը: Սա է առաջնայինը: 

Աղբյուրը՝ ( տեսանյութում)

Facebook Comments