ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ԿԱԶՄԱԼՈՒԾՎԵՑ “ԻՆԺԵՆԵՐԸ”

Երբ 2006 թ. Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր ընտրվեց Հովհաննես Թոքմաջյանը, խնդիր դրվեց բուհում զարգացնել ֆիզկուլտուրան և սպորտը: Համալսարան աշխատելու հրավիրվեցին բնագավառի բազմաթիվ հեղինակավոր անհատականություններ: Համապատասխան ստորաբաժանման ղեկավարումը հանձնարարվեց “Արարատ-73”- ի լեգենդ Հովհաննես Զանազանյանին:

Համալսարանում ի թիվս այլ մարզաձևերի աննախադեպ վերելք ապրեց ֆուտբոլը: 

2007թ. ապրիլի 14, Ալավերդի: Ձախից աջ՝ պրոռեկտոր Արեստակ Սարուխանյանը, ճանաչված սրտաբան, նախկին ֆուտբոլիստ Աշոտ Դավթյանը /1944-2018/, լեգենդար ֆուտբոլիստ Սարգիս Հովիվյանը, պրոռեկտոր Սեդրակ Սեդրակյանը /1947-2016/, պրոռեկտոր Վարդգես Եդոյանը Ալավերդու ֆուտբոլի թիմի հետ՝ “Ինժեների” խաղից առաջ:

Երբ  հանրապետության ուսումնական հաստատություններում տասնամյակներ շարունակ կիրառվում էր դահլիճային ֆուտզալը, ճարտարապետաշինարարականում ձևավորվեց մեծ, իսկական ֆուտբոլի հավաքականը:

Այս լուսանկարն արված է 14.04.2007թ. Ալավերդիում, երբ մասնագիտական կողմնորոշման ծրագրով պղնձագործների քաղաքում նաև տեղի պիտի ունենար ճարտարապետաշինարարական համալսարանի ֆուտբոլի հավաքականի հանդիպումը ալավերդցիների հետ: (Գլխավոր լուսանկարում, ձախից աջ՝ պրոռեկտոր Վարգես Եդոյան, ռեկտոր Հովհաննես Թոքմաջյան, կառավարման խորհրդի նախագահ, նախկին ռեկտոր Արեստ Բեգլարյան, ճարտարապետության ֆակուլտետի դեկան Տիգրան Բարսեղյան, պրոռեկտոր Սեդրակ սեդրակյան, պրոռեկտոր Արեստակ Սարուխանյան, Ալավերդի քաղաքի երեք ներկայացուցիչներ, հայրենական ֆուտբոլի լեգենդ, մարզիչ Սարգիս Հովիվյան):

“Ինժեները” Կապանի քաղաքային          մարզադաշտում խաղից առաջ

Հենց ճարտարապետաշինարարականի նախաձեռնությամբ սկիզբ դրվեց մեծ ֆուտբոլի Հայաստանի ուսանողական առաջնությանը, որտեղ հանդես էին գալիս Երևանի  ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Վանաձորի մանկավարժական համալսարանի, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Հայաստանի ճարտարագիտական պետական համալսարանի, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի և  այլ բուհերի հավաքականներ: 

“Ինժեները” հիմնականում հանդես էր գալիս դեղին, կարմիր և կանաչ համազգեսներով: Առանձնապես տղաները սիրում էին դեղին մարզաշապիկները:

Բրազիլական գույների մասին նրանց պատմել էր Հովհաննես Զանազանյանը: “Արարատ-73” -ն էլ հաճախ հանդես էր գալիս հենց այդ գույնի համազգեստով: Զարմանալին այն էր, որ ճարտարապետաշինարարականի տղաները փորձում էին խաղալ լեգենդար “Արարատին” հոգեհարազատ ֆուտբոլ: 

Գրոհ …

Հովհաննես Զանազանյանի խնդրանքով, “Ինժեներին” թույլատրել էին մարզվել Աբովյան քաղաքի կենտրոնական մարզադաշտում:  “Ինժեները” մարզում էին Արթուր Աբրահամյանը (Ֆուրման Աբրահամյանի որդին) և հայրենական ֆուտբոլի ամենապայծառ լեգենդներից մեկը՝ Սարգիս Հովիվյանը:

Մարզումներին հաճախ մասնակցում էր նաև Հովհաննես Զանազանյանը:

“Ինժեների” ավագը՝ կիսապաշտպան Լևոն Մխիթարյանն էր: Այսօր նա տեխնիկական գիտությունների թեկնածու է, հսկողություն է իրականացնում բարդ ինժեներական կառույցների շինարարության նկատմամբ:  

Մարզումներին, որպես կանոն, մասնակցում էին նաև համալսարանի ռեկտորը, պրոռեկտորներ, դեկաններ, դասախոսներ: Եվ սա դառել էր կենսակերպ, առանց ցուցամոլության, ձևականությունների, մամուլի հաղորդագրությունների, համալսարանի պրոֆեսուրան ուսանողների հետ ֆուտբոլ էր խաղում: Իսկ հաջորդ օրը՝ պահպանելով կարգը, պարկեշտորեն ուսանողները դասի էին գնում: 

Սա նոր իրողություն էր Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում: 

                  Մարզվում է “Ինժեները” …

— Ուսանողներիս միշտ վերաբերվել եմ ինչպես իմ երեխաներին,- հիշում է համալսարանի նախկին ռեկըորը՝ Հովհաննես Թոքմաջյանը,- և նրանք նույնպիսի ջերմությամբ պատասխանում էին ինձ: Գիտեմ, որ ասածս սուբյեկտիվ կարող է հնչել, սակայն ինձ թվում է, որ այդ ժամանակ, ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանողները լավագույնն էին հանրապետությունում: Նրանք շատ նրբանկատ էին նաև: Երբ իրենց հետ ֆուտբոլ էի խաղում, շատ զգույշ էին դաշտում, որ հանկարծ ես կամ գործընկերներս վնասվածք չստանանք: Ուզում եմ այսօր շնորհակալություն հայտնել Լևոն Մխիթարյանին, Հակոբ Բադալյանին, Գուրգեն Ասրյանին, Տիգրան Մարտիրոսյանին, Գագիկ Մխիթարյանին, “Ինժեների” բոլոր տղաներին, փառահեղ հաղթանակների համար, ու նաև նրա համար, որ իրենք միշտ մնացին “ՉԱՓի” մեջ, որ սկսեցին ավելի լավ սովորել ու նրանք կայացան կյանքում: Ու սա վերաբերում է

Ախթալայի մրցաշարի գավաթը “Ինժեներ” -ի ֆուտբոլիստների գլխավերևում:

 ոչ միայն ֆուտբոլիստներին: Մեր ուսանողներն իսկապես ուրիշ էին: Ճարտարապետաշինարարականում այդ տարիներին չկար կուսկցականացված ուսխորհուրդ: Նախարարը կամ որևէ մեկը լծակ չուներ նրանց վրա: Իմ ուսանողների մեջ չկային շտրեյկբրեխերներ, չկար ուսանողական V էշելոն: Ես հպարտանում էի նրանցով: Նրանք նաև զեկուցումներով հանդես էին գալիս աշխարհի տարբեր երկրներում՝ ներկայացնելով Հայաստանը: Դրանք իմ կյանքի լավագույն տարիներն էին:   

Եվ իրոք, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի “Ինժեներ” թիմը լավագույններից էր այդ տարիներին: 

“Ինժեները”, ներկայացնելով հանրապետության ամենափոքր բուհերից մեկը, կարողացավ դառնալ Հայաստանի ուսանողական առաջնության չեմպիոն, երկու անգամ՝ փոխչեմպիոն, դարձավ “Արարատ”-ի վետերանների կազմակերպված մրցաշարի բրոնզե մեդալակիր, նվաճեց Ախթալայի մրցաշարի գավաթը, մասնակցեց “Կովկասը մեր տունն է” միջազգային փառատոնի շրջանակներում Դոնի Ռոստովում անցկացվող սպարտակիադային և 58 թիմերի մեջ գրավեց պատվավոր V տեղը: 

Սակայն 2014թ., երբ Հովհաննես Թոքմաջյանից ճարտարապետաշինարարականի ղեկավարումն անցավ Գագիկ Գալստյանին, “Ինժեների” գործունեությունը դադարեցվեց:

Ստեփանակերտի մարզադաշտը դեռ վերակառուցված չէր…

Իսկ երբ՝ 2015թ. մահացավ Հովհաննես Զանազանյանը, բուհը վերջնականապես ետ վերադարձավ իր նախկին “ՀԱՆԳՍՏԻ ԳՈՅԱՏԵՎՄԱՆ”  ռեժիմին:

Դադարեց գոյություն ունենալ նաև մեծ ֆուտբոլի Հայաստանի ուսանողական առաջնությունը:

Ռեկտոր Գագիկ Գալստյանի հանձնարարությամբ, վերացվեց 2006-2014թթ. ճարտարապետաշինարարական համալսարանի պաշտոնական կայքը, տեղեկատվական այն պահոցը, որը պատմում էր համալսարանի կյանքի, այդ թվում՝ ֆուտբոլի հավաքականի հաղթանակների ու պարտությունների մասին: 

Պատմությունը ջնջելու և իր հագով կարելու մոլուցքը, մարդկային կենսակերպի ամենաճղճիմ ու ստոր դրսևորումներից է: 

Իր համար այդպիսի անհեռանկար ճանապարհն է ընտրել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը:

Եվ ի թիվս այլ հարցերի, նա պատասխան պիտի տա նաև  “Ինժեների” կազմալուծման համար: Նաև, այն բանի համար, որ փորձել է կոտրել ճարտարապետաշինարարական համալսարանի փայլուն երիտասարդների կամքն ու ծառայեցնել իրեն, իսկ երբ չի ստացվել, ապա ազատվել է նրանցից:

 Հաղթանակների բերկրանքը, որ այն տարիներին ապրում էին ճարտարապետաշինարարակնի ուսանողները, այսուհետ կմնա միայն որպես հուշ, իսկ նոր եկողներն երբեմն ափսոսանքով ետ կնայեն՝ ԱՆՆՎԱՃ ԵՐԱԶԻ ԿԱՐՈՏՈՎ: 

Գագիկ Ներսիսյան

P.S. Հուսով եմ, բոլորը գիտեն, որ “ՁԵՌԱԳՐԵՐԸ ՉԵՆ ԱՅՐՎՈՒՄ“ՙ : 

Facebook Comments