ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ ԳԱԳԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ ՄՈՏ ՕՐԵՐՍ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԿԱՐՎԻ՞

Այսօր ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ակտիվորեն խոսում էին ռեկտոր Գագիկ Գալստյանի  հնարավոր պաշտոնանկության մասին, որը կարող է տեղի ունենալ ամենամոտ օրերս:

Ըստ շրջանառվող լուրերի Գագիկ Գալստյանին ռեկտորի պաշտոնում կփոխարինի տեխնիկական գիտությունների դոկտոր Եղիազար Վարդանյանը:  

Եղիազար Վարդանյանը, ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի պաշտոնավարման տարիներին (2006-2014թթ.) ակտիվ դերակատարում է ունեցել համալսարանի կառավարման գործընթացներում: Մասնավորապես, նա իր զգալի ներդրումն ունի համալսարանի եվրոպական ինստիտուցիոնալ հավատարմագրման գործում:

Հովհաննես Թոքմաջյանի հրամանով, Եղիազար Վարդանյանը 2014թ. նշանակվել է ռեկտորի առաջին տեղակալ: Սակայն, Գագիկ Գալստյանի օրոք նրա դիրքերը համալսարանում զգալիորեն թուլացել են: Դա տեղի ունեցավ այն պահից, երբ Գալստյանը համալսարանի կառավարման օղակներում սկսեց նշանակել իրեն անձնապես նվիրված անձանց: Իսկ երբ ճարտարապետաշինարարականի հետ որևէ կապ չունեցող Մարինա Ղազարյանին, ով նույնիսկ գիտական աստիճան չունի, Գագիկ Գալստյանը նշանակեց ֆինանսական հարցերով պրոռեկտորի պաշտոնում՝ նրան վստահելով համալսարանի փաստացի ղեկավարի դերը, Եղիազար Վարդանյանի ազդեցությունը համալսարանի կառավարման գործընթացներում էապես նվազեց:

Վերջին 4 տարիների ընթացքում Մարինա Ղազարյանն է ուղեկցում Գագիկ Գալստյանին գրեթե բոլոր պաշտոնական գործուղումներում, ներկայացնում է համալսարանը բոլոր հիմնական ուղղություններով: Հենց նրա ցուցումով պաշտոնանկ արվեց համալսարանի գլխավոր հաշվապահ Նունե Հունանյանը, ով մեծ հեղինակություն էր վայելում կոլեկտիվում: Եղիազար Վարդանյանը փորձեց կանխել այդ խայտառակ գործընթացը, սակայն՝ չկարողացավ:

Դա ռեկտոր Գագիկ Գալստյանի գործողությունների ամենաթողության ծաղկուն ժամանակաշրջանն էր, և նրան թվում էր, որ  իր մեծ հարստոոթյունը հնարավորություն է տալու իրեն մշտապես գործելու “ԼԱՎ ԵՄ ԱՐԵԼ” սկզբունքով: Սա լուրջ դժգոհություն է առաջացրել ճարտարապետաշինարարականի պրոֆեսորադասախոսական կազմի մոտ: Մարդիկ չեն ուզում այլևս համալսարանում տեսնել Գագիկ Գալստյանին ու նրա նվիրյալներին՝ Մարինա Ղազարյանին, Անահիտ Կարագուլյանին, Գուրգեն Մինասյանին, Սոնա Հախվերդյանին և շատ ուրիշների: Ենթադրվում է, որ Եղիազար Վարդանյանին ռեկտորի պաշտոնում նշանակելու պարագայում, այս հարցերը շուտափոյթ լուծում  պետք է ստանան:

Մի բան ակնհայտ է, համալսարանը  Գագիկ Գալստյանի “հոր դուքյանը” չի և վաղուց ժամանակն է ճարտարապետաշինարարականը վերադարձնելու զարգացման բնականոն հուն:

Գագիկ Ներսիսյան

P.S.  Երբ պատրաստում էի այս նյութը և արդեն ընտրել էի, թե Գագիկ Գալստյանի որ նկարն եմ տեղադրելու, անկախ ինձանից հիշեցի 23 տարվա վաղեմություն ունեցող մի դեպք. 1996 թվականի նոյեմբեր ամիսն էր: Ազգային ժողովում էինք: Կառավարության նոր կազմ էր հաստատվել: Նախկին նախարարներից շատերը հեռուստատեսությունից էին իմացել, որ այլևս նախարար չեն: Նրանցից մեկը (չեմ ասի՝ ով), դեմքի խոժոռ արտահայտությամբ, իսկն այնպիսի, ինչպիսին ռեկտոր Գալստյանի դեմքն է այս նկարում, նստած ԱԺ դահլիճին հարակից միջանցքում, տալիս-առնում էր ինքն իրեն՝ հավանաբար չէր համակերպվում պաշտոնանկության փաստի հետ: Այդ պահին ներս մտավ Վանո Սիրադեղյանն ու տեսնելով խոժոռված դեմքով նախկին նախարարին հարցրեց.

— Ինչ որ բանից հո դժգոհ չե՞ս:

— Չէ, պարզապես զարմացած եմ,-ասաց նախկին նախարարը:

-Լսիր,-ասաց Վանոն,- դու պիտի զարմանայիր այն ժամանակ, երբ քեզ նախարար էին նշանակում, ոչ թե հիմա:

Իսկը Գագիկ Գալստյանի դեպքն է, ու ես ուզում եմ նրան ասել.

-Լսիր, քեզ ասում էին չէ՞, որ քո “ռազմերով” չի ռեկտորի կիտելը: Մտածում էիր, որ փող ունես, ամեն ինչ ծնկներովդ է: Ինչի՞դ էր պետք: Հիմա տասնյակներով արտագրություններդ շալակած ո՞նց ես ապրելու: Բա մնացած սխալներդ ո՞նց ես ուղղելու: Հասկացել ես, չ՞է, որ փողդ այստեղ էլ դեր չի խաղալու: Բայց, հաստատ, դեռ չես հասկացել, որ օր-օրի, անհագուրդ ցանկություններիդ ճահիճը կլանում է քեզ: Մի հատ շրջվիր ու կողքերդ նայիր. տես որ շրջապատդ քեզ  էլ չի հարգում, հիմա քեզանից վախեցող էլ չի մնացել, ու վաղուց արդեն, դու լեննականցու ասած, “մարած աբլիգացու” ես սկսել նմանվել: Շատ շուտով դու մնալու ես մեն մենակ՝ քո կողմից ստեղծած լիքը պրոբլեմների դեմ: Ու գալու է քո չարագործությունների համար հասարակության առջև պատասխան տալու ժամանակը՝ հերթով՝ հատ-հատ:

Գագիկ Ներսիսյան

 

Facebook Comments