Հովհաննես Հովհաննիսյան. Կան ռեկտորներ, որոնք ոչ մի բան չեն անում իրենց բուհում և շարունակում են մինչև պաշտոնավարման ավարտը

Արամ Սիմոնյանի անձի հետ խնդիր չկա, խնդիր կա համալսարանի կրթության որակի հետ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով՝ ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակն այս պահին ազդում է դասախոսների աշխատունակության, ուսանողների ուսումնառության վրա:

«Բոլոր բուհերում կան խնդիրներ՝ կրթական որակի հետ կապված: Բուհերի ղեկավարները պետք է մտահոգված լինեն կրթության որակի բարձրացման խնդրով»,- շարունակեց նա։

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք ԵՊՀ-ի ռեկտորի փոփոխությունը կարո՞ղ է բերել կրթության որակի բարձրացման, Հովհաննես Հովհաննիսյանը պատասխանեց,  թե ռեկտորներից շատ բան է կախված. «Ռեկտորից շատ բան է կախված, բայց նաև կախված է թիմից: Կան ռեկտորներ, որոնք ոչ մի բան չեն անում իրենց բուհում և շարունակում են մինչև պաշտոնավարման ավարտը»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

Նա չնշեց, թե որ բուհերի ռեկտորներին նկատի ունի, երբ ասում է, որ իրենց բուհում ոչ մի բան չեն անում, սակայն շարունակում են աշխատել։ ԿԳ նախկին փոխնախարարը, արձագանքելով դիտարկմանը, որ ԵՊՀ-ում այսօր ցույցեր են ընթանում ի պաշտպանություն ռեկտոր Արամ Սիմոնյանի, որոնց մասնակցում են նաև դասախոսները, արձագանքեց.  «Այդ դասախոսները ժամանակին գլուխները տաքուկ անկյուններում դրած էին, երբ համալսարանում դասախոսների և ուսանողների նկատմամբ հալածանքներ էին տեղի էր ունենում, իսկ նրանք երբևէ չէին բարձրաձայնում այդ ամենի մասին»:

Աղբյուրը՝ այստեղ

Facebook Comments