Հովհաննես Թոքմաջյան. ՄՈՌԱՑՎՈՂ ԷՊՈԽԱՅԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը 2009թ. հրատարակեց հանրաճանաչ գեղանկարիչ Լևոն Մանասերյանի աշխատանքների ալբոմը:

Դրա առաջաբանը գրել է այդ համալսարանի 2006-2014թթ. ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը: Այն ընթերցողին ենք ներկայացնում առանց կրճատումների: Այժմ, երբ դադարեց բաբախել մեծ մտավորականի սիրտը (այստեղ), այն փոքր ինչ կսփոփի մեզ ու գուցե թեթևացնի կորստի ցավը:

Լևոն Մանասերյան։ Անուն նվիրական … նա կյանքի գլխավոր ճանապարհ է հանել ճարտարապետների մի քանի սերունդ՝ սերմանելով նրանց հոգիներում գեղանկարչության ու գծանկարի էությունն ու տեխնիկայի կատարելագործման ուղիները։

Վերջերս ավելի հաճախ եմ հանգում ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի այն մտքին, որ ՄԵԾԵՐԻ դարի հայտնվելը, նրանց զանգվածաբար աշխարհ գալը, որպես երևույթ, կարող է տեղի ունենալ ամեն մի ազգի, ամեն մի ժողովրդի հետ… և այդ էպոխան լինում է տևական, ամենաքիչը՝ մեկ դար, երբեմն մի քանի դար անընդմեջ։

ՄԵԾԵՐԻ  էպոխայի հանդես գալը տվյալ ժողովրդի մոտ, որպես կանոն, տեղի է ունենում միաժամանակ շատ բնագավառներում․ գիտություն, ճարտարապետություն, ռազմական արվեստ, սպորտ, երաժշտություն, գրականություն, թատրոն… գեղանկարչություն։

Ակնհայտ է հայ ժողովրդի համար XX-ն աստեղային դար էր։ Իր ակունքներում սնվելով XIX դարի արգասաբեր աղբյուրներից, հայ ժողովուրդը XX դարում հասավ աննախադեպ արդյունքների՝ գրեթե բոլոր բնագավառներում․․․ Ներողամտություն հայցելով հարյուրավոր չնշված անունների համար․ այնուամենայնիվ նշենք մի քանիսին․ Վիկտոր Համբարձումյան, Արտյոմ Ալիխանյան, Օրբելի եղբայրներ, Արտեմ Միկոյան, Սամվել Քոչարյանց, Կիրակոս Մետաքսյան (Շոլկին)՝ գիտություն։ Ալեքսանդր Թամանյան, Նիկոլայ Բունիաթյան, Ռաֆայել Իսրայելյան, Սամվել Սաֆարյան, Կարո Հալաբյան, Արթուր Թարխանյան, Ջիմ Թորոսյան, Գարրի Ռաշիդյան՝ ճարտարապետություն։ Հովհաննես Բաղրամյան, Հովհաննես Իսակով, Համազասպ Բաբաջանյան, Արմենակ Ղանֆերյանց (Սերգեյ Խուդյակով), Վազգեն Սարգսյան՝ ռազմական արվեստ, Տիգրան Պետրոսյան, Ալբերտ Ազարյան, Հրանտ Շահինյան, Յուրի Վարդանյան, Լևոն Արոնյան, Ռաֆայել Վահանյան, «Արարատ-73»-ն ամբողջ կազմով, Վիկ Դարչինյան, Արթուր Աբրահամ՝ սպորտ։ Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Շառլ Ազնավուր, Առնո Բաբաջանյան, Միքայել Թարիվերդին, Տիգրան Մանսուրյան, Ռոբերտ Ամիրխանյան՝ երաժշտություն։ Հովհաննես Թումանյան, Եղիշե Չարենց, Ավետիք Իսահակյան, Պարույր Սևակ, Վիլյամ Սարոյան, Համո Սահյան, Հրանտ Մաթևոսյան՝ գրականություն։ Մհեր Մկրտչյան, Հրաչյա Ներսիսյան, Վահրամ Փափազյան, Վարդան Աճեմյան՝ թատրոն։

Նա՝ Մանասերյանը, պատկանում է նկարիչների այն կոխորտային, որը Հայաստանում հայտնվեց XX դարի առաջին կեսին և համաշխարհային արվեստի պատմության մեջ գրեց իր ուրույն էջը։

Շարունակելով Մարտիրոս Սարյանի, Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Հակոբ Կոջոյանի, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ավանդույթները, Մինաս Ավետիսյանը, Երվանդ Քոչարը, Հակոբ Հակոբյանը, Գրիգոր Խանջյանը, Հակոբ Անանիկյանը, Ռոբերտ Էլիբեկյանը․․․ ո՞ր մեկին թվես, և նրանց կողքին մեր համալսարանի պրոֆեսորներ Հենրիկ Մամյանը, Հրանտ Թադևոսյանը, Լևոն Թոքմաջյանը, Ալբերտ Սոխիկյանը և իհարկե՝ Լևոն Մանասերյանը․ մեկը՝ մյուսից տարբեր, մեկը՝ մյուսին չկրկնող, այլակարծիք նաև, ստեղծեցին արվեստի անկրկնելի գործեր։

Լևոն Մանասերյանին 1983թ․ շնորհվել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչում։ Նրա ստեղծագործական հետաքրքրությունների շրջանակները լայն են․ գեղանկարչություն, հաստոցային գրաֆիկա․ գրքի ձևավորում, պլակատ․․․

Մանասերյանը նաև ուսուցիչ է։ Ոչ դասատու․․․ այլ՝ ՈՒՍՈՒՑԻՉբառի լայն իմաստով։ Նա շուրջ երկու տասնամյակ ղեկավարել է Հայաստանի միակ ճարտարապետաշինարարական բարձրագույն ուսումնական հաստատության Գծանկարի և Գունանկարի ամբիոնը։ Մանասերյանը մտավորական է։ Ոչ այն, ինչը հիմա «մտավորական» է կոչվում։ Նա՝ Մանասերյանը, «ինտելիգենտ» է, որից միշտ սովորելու բան ունես, որի կողքին լինելը միշտ հաճելի է․․․ նաև պարտավորեցնող։

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը ընթերցողներին լայն շրջանակի դատին է ներկայացնում Լևոն Մանասերյանի ստեղծագործությունների ալբոմը։

Նայելով նրա կտավներին, անկախ քեզանից տեղափոխվում ես դեպի հարազատ վայրեր, ուր եղել ես անցյալում և երբեք-երբեք էլ չես լինելու․․․ Մանասերյանը մեր կողմից մոռացվող էպոխայի արձագանքն է․․․

Օգոստոս, 2009թ.

                                                                               Հովհաննես Թոքմաջյան

                                                       տեխ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր

Facebook Comments