Ծերացումը կարելի է դանդաղեցնել

ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանի եւ Մայոյի կլինիկայի գիտնականները պարզել են, որ ֆիզեթին բնական նյութը, որը պարունակում են բանջարեղենի ու մրգերի շատ տեսակներ, դրական ազդեցություն է գործում մարդու առողջության եւ կյանքի տեւողության վրա: Համապատասխան մամուլի տեղեկագիրը հրապարակված է EurekAlert! պորտալում:

Տարիքի հետ մարդու օրգանիզմում տեղի է ունենում բջջի ծերացման եւ այնտեղ վնասված բջիջների կուտակման գործընթաց, նշված է մամուլի տեղեկագրում: Իմունային համակարգը երիտասարդության տարիներին ունակ է օրգանիզմը հաջողությամբ մաքրել նման բջիջներից, սակայն տարիքի հետ մաքրման արդյունավետությունը նվազում է, ինչը հանգեցնում է օրգանիզմում վնասված բջիջների կուտակման եւ մարդու մարմնում հյուսվածքների վիճակի վատթարացման:

Հետազոտողները, ծերացող մկների վրա գիտափորձ կատարելով, հայտնաբերել են, որ ֆիզեթինն օրգանիզմում իջեցնում է վնասված բջիջների մակարդակը, ինչն իր հերթին բարելավում է փորձարկվողների առողջական վիճակը եւ կյանքի տեւողությունը: Հետազոտության արդյունքները վկայում են, որ ֆիզեթինի միջոցով կարելի է երկարացնել կյանքի առողջ շրջանի տեւողությունը, երբ օրգանիզմը գտնվում է օպտիմալ վիճակում, նույնիսկ կյանքի վերջին շրջանում, եզրակացրել են մասնագետները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Աղբյուրը` 168.am/2018/10/08/1019750.html

Facebook Comments