Ինչպես են ճարտարապետաշինարարականում դուրս գրել աշխատող հաստոցները

Երբ ճարտարապետաշինարարական համալսարանից սկսեցին անհայտանալ սարքին վիճակում գտնվող հաստոցներն ու մամլիչները, շատերը մտածեցին, որ դա կապված է շինվերանորոգման աշխատանքների հետ և շուտով դրանք բոլորը հետ կբերեն:

Շինարարական աշխատանքներն ավարտվեցին: Հաստոցներն ու մամլիչները հետ չբերեցին: Պարզապես, ռեկտոր Գագիկ Գալստյանը դրանց հետագա ճարատագրի հետ այլ պլաններ ուներ:

Ռեկտորի պաշտոնակատար նշանակվելուց անմիջապես հետո, նրա “կոմերցիոն” ուղեղում անմիջապես ուրվագծվեց համալսարանի հաստոցներն ու մամլիչներն “իրենով անելու” բիզնես ծրագիրը:

Եվ նորաթուխ ռեկտորը, 10.07.2014թ., կրթության նախարարությունից  բուհի հաշվեկշռում առկա՝ ֆիզիկապես մաշված և հետագա շահագործման համար ոչ պիտանի հիմնական միջոցներն օտարելու թույլտվություն խնդրեց:

Նախարարությունը տվեց այդ թույլտվությունը` առաջադրելով հանձնաժողովի կազմում նախարարության գլխավոր մասնագետ Հովսեփ Գիրգորյանի թեկնածությունը:

Գագիկ Գալստյանը 31.10.2014թ. ստորագրեց թիվ 02-31-04Ա  հրամանը “Հիմնական միջոցների, նյութական արժեքների գույքագրման հանձնաժողով ստեղծելու մասին”:

Հանձնաժողովը բաղկացած էր 8 անդամից: Հանձնաժողովի նախագահն էր, համալսարանի ընդհանուր բաժնի պետ Գոհար Մատուլյանը: Հանձնաժողովի անդամներն էին՝ Վեներա Գյուլնազարյանը, Գասպար Գասպարյանը, Հովսեփ Գրիգորյանը, Արա Զաքարյանը, Տաթևիկ Սիմոնյանը, Օֆելյա Բագմատունցը, Մուշեղ Բեննեյանը:

Հանձնաժողովն, ի կատարումն  ռեկտորի 31.10.2014թ. հրամանի, հաստատել է դուրս գրած, մետաղ պարունակող ապրանքների ցուցակը:

Փաստաթուղթը ստորագրել են հանձնաժողովի նախագահ Վ.Աթանեսյանը, հանձնաժողովի անդամներ Վ.Գյուլնազարյանը, Վ.Սերոբյանը և Օ.Բագմատունցը՝ ընդամենը՝ 4 անձ:

Դուրս գրված, մետաղ պարունակող ապրանքների զանգվածի՝ ընդամենը 3980 կգ կասկածելի ցածր չափի վերլուծությունը թողնելով հետագա քննարկումներին, անդրադառնանք հանձնաժողովի կազմած ցուցակին:

Պարզվում է, որ այն ստորագրած 4 անձանցից երկուսը՝ Վ.Աթանեսյանը և Վ.Սերոբյանը ռեկտորի 31.10.2014թ. հրամանով ստեղծված հանձնաժողովի կազմում ընդհանրապես չկան:

Մասնավորապես հանձնաժողովի նախագահ Գոհար Մատուլյանի փոխարեն, դրված է հանձնաժողովի անդամ չհանդիսացող Վ.Աթանեսյանի ստորագրությունը: 

Այսպիսով պարզ է դառնում, որ 2014թ. մետաղ պարունակող ապրանքները դուրս են գրվել ապօրինաբար՝ 8 հոգանոց հանձնաժողովի՝ ընդամենը 2-ի ստորագրությամբ: 

Սակայն, այս գործընթացում կա ևս մի քանի կարևոր խնդիր:

Ռեկտոր Գալստյանը 21.01.2019թ., թիվ 01-13-01/21-03 գրությամբ հայտնում է, որ 2014-2016թթ. համալսարանի հաշվեկշռից դուրս են գրվել ֆիզիկապես մաշված և հետագա շահագործման համար ոչ պիտանի հաստոցներն ու մամլիչները:

Սակայն, նույն ռեկտոր Գագիկ Գալստյանը, 08.08.2018թ. թիվ 01-07-01/08-01 գրությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարանին նույն հաստոցների ու մամլիչների վերաբերյալ հայտնում է, որ “համալսարանի սարքին հաստոցներն առկա են և գործածվում են”: 

Առաջին հայացքից աբսուրդի հասնող այս երկու իրարամերժ գրությունների առկայությունը, պարզ բացատրություն ունի. “համալսարանի սարքին հաստոցներն առկա են և գործածվում են” տողերի տակ, Գագիկ Գալստյանի փոխարեն, ստորագրել է պրոռեկտոր Մարինե Ղազարյանը, ով ակամայից, “արջի ծառայություն է մատուցել” իր ղեկավարին՝ բացահայտելով, որ դուրս գրված հաստոցներն եղել են սարքին վիճակում: Սա այն նույն Մարինե Ղազարյանն է, ում այդպես “ջանասիրաբար” գիտությունների աստիճան էր ուզում “նվիրել” ռեկտոր Գագիկ Գալստյանը (այստեղ, այստեղայստեղայստեղ), այն Մարինե Ղազարյանն, ով “մսխել է” համալսարանի գործուղումների ահռելի մասը (այստեղայստեղ), ում անունը կապված է համալսարանում տեղի ունեցող գրեթե բոլոր կասկածելի գործարքների հետ (այստեղ):

Ռեկտորն ու պրոռեկտորը հերթական “վոյաժի” ժամանակ

Այսինքն, ստացվում է, որ համալսարանից դուրս են գրել աշխատող հաստոցներ և, ներկայումս, դրանք հաջողությամբ “գործածվում” են:

Ինչ վերաբերում է 100 տ մամլիչին, և որպես մետաղի ջարդոն, դրա ձևակերպման կասկածելի գործարքին, ապա դա ուրիշ խոսակցության նյութ է:

 Երբ համալսարանի պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանը, հաստոցների հետ կապված հարց բարձրացրեց (այստեղ), նրան տարան, ցույց տվեցին աշխատող հաստոցները:

Եվ հարգարժան պրոֆեսորը, մտավորականին հարիր, միամտությանն եզերվող պարզությամբ գրեց. “Հիդրավլիկայի ամբիոնի հաստոցների վերաբերյալ թղթակցի իմ պատասխանի բովանդակությունը հետևյալն է. հաստոցներն աշխատունակ են, տեղափոխվել են այլ վայր և պահեստավորվել: Այս պատասխանից հետևում է, որ դրանք դուրս գրված չեն”:

Միայն թե, հարց է առաջանում. որտե՞ղ և ո՞ւմ համար են պահեստավորված:

Եվ, վերջապես. ի՞նչ ճակատագիր ունեցան այն հաստոցները, որոնք նվիրել էին համալսարանին և բուհի հաշվեկշռում գրանցված չեն եղել:  Մանավորապես, հիդրավլիկայի ամբիոնի երջանկահիշատակ վարիչ, պրոֆեսոր Վաղարշակ Հովսեփյանին նվիրած, գերազանց վիճակում գտնվող գայլիկոնային հաստոցը:

Նշենք, որ, ճարտարապետաշինարարական համալսարանից դուրս գրված հաստոցներին ու մամլիչներին առնչվող քաղաքացիական երկու՝ ԵԴ/20730/02/18 և ԵԴ/20556/02/18 գործ է քննվում Երևանի ընդհանուր իրավասության դատարանում: 

Այնուամենայնիվ, հետաքրքիր մի հարց է առաջանում. ի՞նչ նպատակ էր հետապնդում մեծահարուստ ռեկտոր Գագիկ Գալստյանը, հաստոցների և մամլիչների հետ կապված այս պատմություններում:

Առաջինը, որ գալիս է մարդու գլխում, դա հաստոցներից ու մամլիչներց ակնկալվող օգուտն է: Սակայն, իմ համոզմամբ, այս դեպքում, դա երկրորդական է:

Գագիկ Գալստյանին, ամեն գնով, անհրաժեշտ էր մեծ զանգվածով “մետաղից” անվերադարձ ազատել համալսարանի մասնաշենքի կիսանկուղային հարկը, իրականացնել վերակառուցում և…  այստեղ արդեն մի քանի շարունակություն կարող է լինել:

Թե ո՞ր ճանապարհով էր ուզում գնալ Գագիկ Գալստյանը, վերջնականապես կպարզվի նրա պաշտոնանկությունից հետո: 

 

Գագիկ Ներսիսյան

 

Facebook Comments