Ի՞նչ ակնկալել Դավոսից

ՀՀ իշխաննությունները շվեյցարական Դավոս քաղաքում այսօր մեկնարկող ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովին չեն մասնակցում, քանի որ ասելիք չունեն, բայց փոխարենը՝ լսելու բան շատ ունեն: Նման կարծիք Tert.am-ի հետ զրույցում հայտնել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը և ընդգծեց, որ ներկայումս այս համաժողովը իր կարևորությամբ երկրորդը չունի, թեև նմանատիպ այլ համաժողներին մասնակցությունը ևս կարևոր է:

«Այսօրվա աշխարհում իրեն լուրջ համարող, աշխարհի խնդիրներով մտահոգված ցանկացած երկիր մասնակցություն է ունենում Դավոսում, որտեղ քննարկվում են կարևորագույն տնտեսական հարցեր: Միշտ չէ, որ դրանք տնտեսական են, որովհետև այնտեղ հավաքվում են քաղաքական գործիչներ և խոսվում է ապագայի միտումների մասին»,– ասաց նա:

«Եթե մեր իշխանավորները քննարկումներին հետևեն, կտեսնեն, որ դրանք հետագայում դառնում են վարվող տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները։ Կարող էին իրենց թանկագին ժամանակից մի քիչ հատկացնել, որ չգիտեմ ինչի վրա են ծախսում…երևի «Գազպրոմի» հետ պայմանագիր կնքելու ու նման բաների վրա»,- ասաց տնտեսագետը:

Նշենք, որ Հայաստանը Համաշխարհային տնտեսական ֆորումին չի մասնակցում արդեն 5-րդ անգամ: Վերջին անգամ՝ 2009թ-ին Հայաստանից Դավոսի համաժողովին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Վահագն Խաչատրյանը նշեց, որ այսօր ամբողջ աշխարհի համար առաջնային խնդիր է դարձել աղքատների ու հարուստների միջև բևեռացումը, որը Հայաստանի համար ևս առաջնային է, երկրորդը՝ գործազրկությունը:

«Այդ երկու խնդիրները տեղ էին գտել նաև օրեր առաջ Համաշխարհային բանկի հրապարակած զեկույցում: Դրանց մասին, անպայման, հետաքրքիր քննարկումներ կլինեն Դավոսում: Եվ հետո կուլիսային շատ կարևոր հանդիպումներ են լինում, որոնք օգտակար է լինում տվյալ երկրի համար՝ զուտ ներկայացուցչական առումով: Բայց Հայաստանը այնտեղ ներկայացնելու ոչինչ չունի, ցավում եմ, որ նման վիճակում ենք հայտնվել»,- ասաց նա:

Վահագն Խաչատրյանը նաև ընդգծեց, որ թեև համաժողովի մասնակցության համար գումարներ են վճարվում, սակայն այստեղ չարժե խնայողություններ անել:

«Կարծում եմ, որ այդ ֆորումին մասնակցելու անհրաժեշտ գումարներ միշտ էլ գտնվում են, և դա նեղություն չէ, ընդհակառակը, այնտեղ չգնալը ավելի մեծ վնաս է: Այլ անիմաստ ծախսերն է պետք կրճատել»,- ասաց նա:

Նույն խնայողության հարցի հետ կապված Tert.am-ի հետ զրույցում մեկ այլ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ընդգծեց, որ այստեղ խոսքը միայն ցանկության մասին է, այլ խնդիր գոյություն ունենալ չի կարող:

«Եթե համեմատում ենք այն օգուտը, որը կարող է ակնկալել երկիրը նման շփումներից, նյութական ռեսուրսներ կարելի է հայթայթել: Չեմ կարծում, որ նման համաժողովների համար կարելի է խնայել: Հարևան բոլոր երկրները պարբերաբար մասնակցում են, եթե ոչ ամեն տարի և ամենաբարձր մակարդակով: Այստեղ մեր մասնակցությունը էական նշանակություն ունի հենց միայն ներկայացուցչական առումով»,- ասաց նա:

Տնտեսագետը ընդգծեց, որ դրա շնորհիվ է, որ 1970-ակաների վերջին Չինաստանը սկսեց վերընթաց զարգացում ունենալ:

«Դավոսը ոչ պաշտոնական հանդիպումների հարթակ է, որտեղ առիթ է ընձեռվում ինչպես ներկա, այնպես էլ պաշտոնաթող քաղաքական ղեկավարների, ելույթ ունենալ, որոնք, ի դեպ, անկաշկանդ կերպով կարող են կիսել իրենց հայացքները, նաև խորհուրդներ տալ մյուս երկրներին»,– ասաց տնտեսագետը:

«Այստեղ տեղի է ունենում նաև մտքերի փոխանակում, զրույցներ համաշխարհային ու առանձին ազգային տնտեսություններին հուզող հարցերի վերաբերյալ: Այստեղ ներկա են լինում առավել հաջողակ գործարարներ, փորձագետներ, գիտնականներ, նոբելյան մրցանակակիրներ»,- ավելացրեց նա։

Թաթուլ Մանասերյանը նաև կարևորեց այն հարցը, որ Հայաստանը ևս պետք է մշակի ու հետևողական իրականացնի նման ֆորում, ինչպես անում են մի շարք երկրներ:

«Եղել են նման դեպքեր, բայց հետևողականություն չի ցուցաբերել Հայաստանը։ Բայց դրանից, միայն կշահի պետությունը, քանի որ երկիր են ժամանում մի շարք մասնագետներ»,– նշեց նա։

Ի տարբերություն տնտեսագետների, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը նշեց, որ ինքը նման համաժողովները շատ չի կարևորում, միաժամանակ նշելով, թե փորձը ցույց է տալիս, որ համաժողովներին միշտ էլ պետք է մասնակցել:

«Դրանք կարևոր են, առնվազն ճանաչելի է դարձնում Հայաստանը, իսկ ավելի շատ կարող է պատահել, որ նոր կապեր, հնարավորություններ, բանակցություններ և ինչու չէ ելույթ ունենալու հնարավորություն լինի: Թե ինչո՞ւ չեն մասնակցում… Դավոսը տնտեսական է ֆորում է, ի՞նչ, պետք է գնան օլիգարխիկ տնտեսությունո՞վ պարծենան, չգիտեմ»,- ասաց նա:

Հարություն Մեսրոբյանը նաև ընդգծեց, որ նման համաժողովի մասնակցելու համար որոշակի մակարդակի գիտելիք ու աշխարհայացք է պետք ունենալ: «Ես չգիտեմ՝ կա՞ն նման մասնագետներ մեր երկրում, թե՝ ոչ»,-ասաց նա:

Աղբյուրն՝ այստեղ

 

 

Facebook Comments