Գրագողության պատճառով ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կազատվի պաշտոնից. Հերթը՝ ռեկտոր Գագիկ Գալստյանինն է

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի մոտալուտ պաշտոնանկության մասին, որը հիմնականում կապված է նրա դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրների հետ (այստեղ):

Կարևոր քայլ է: Սկզբունքային քայլ: 

Սրանով ուսումնագիտական համակարգում սկիզբ է դրվում գրագողության նկատմամբ իշխանությունների կողմից նոր մոտեցման: Հասարակությունն աստիճանաբար պիտի գիտակցի այս երևույթի կործանարար  հետևանքները և սատարի նման սկզբունքային քայլերը:

Միևնույն ժամանակ, թեև դժվար է գերագնահատել  նախարար Արայիկ Հարությունյանի այս սկզբունքային քայլը, սակայն այն դեռևս մնում է կիսատ, քանի դեռ պաշտոնանկ չի արվել՝ երկրորդ բուհի գրագող ղեկավարը՝  ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը:

Ռեկտոր Գալստյանի արտագրությունների մասին, առաջին անգամ, բարձրաձայնվել է 2016թ. ամռանը: Այդ ժամանակ, BUH.AM կայքում հրապարակվեցին ռեկտոր Գալստյանի դոկտորական ատենախոսության մեջ նկատված գրագողության առաջին դրվագները ( այստեղ): Սակայն ՀՀ ԿԳՆ-ն, կանգնեց օրինազանց ռեկտորի մեջքին, և առանց որևէ հիմքի հայտարարեց, որ գրագողության գեթ մեկ դեպք, Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսությունում չկա ( այստեղ): 

Rector.am-ը, անընդունելի համարելով այս մոտեցումը, մանրամասն ուսումնասիրել է ռեկտոր Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության դեպքերը և դրա 50 դրվագները ներկայացրել է հանրությանը:

Սկզբունքային մոտեցումը չի կարող վերաբերվել միայն մեկին՝ Ռուբեն Հայրապետյանին: Գագիկ Գալստյանը նույնպես, անհապաղ, պետք է պաշտոնանկ արվի:

Ընդ որում, երկու ամսից լրանում է ռեկտոր Գագիկ Գալստյանի պաշտոնավարման ժամկետը: Ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ, որպեսզի նա հեռանա բուհից այդպիսի ձևակերպմամբ: Այլապես այս բոլոր քայլերն իզուր են:

Գագիկ Ներսիսյան

Facebook Comments