Գլոբալ ֆինանսական աշխարհը շրջվում է դեպի ֆինտեխ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ)՝ Բալիում կայացած տարեկան նստաշրջանին հաստատվել է 12 կետից բաղկացած միջնաժամկետ պլանը, որն ամրագրում է համաշխարհային ֆինանսական իշխանությունների շրջադարձը դեպի ֆինտեխ շուկա (Bali Fintech Agenda, BFA): 

Ինչպես հայտնում է «Կոմերսանտ»-ը, հռչակագրի առաջին իսկ կետում ակնհայտ է փոխզիջումային բանաձեւի առկայությունը: Մասնավորապես, ֆինտեխի նկատմամբ ԱՄՀ-ի բավական զգուշավոր դիրքորոշման վրա ակնհայտորեն ազդել է ՀԲ-ի դիրքորոշումը. վերջինս տեսնում է այս տեխնոլոգիաների սոցիալ-տնտեսական հեռանկարները:

ՀԲ-ում կարծում են, որ փոքր պետություններում եւ աղքատ երկրներում ֆինտեխը կբարձրացնի ֆինանսական ծառայությունների ներթափանցման աստիճանը, կավելացնի համաշխարհային ֆինանսական շուկաների խորությունը եւ անդրսահմանային վճարումների հնարավորությունները, ինչպես նաեւ, ընդհանուր առմամբ, կընդլայնի ֆինանսական ներգրավվածության մակարդակն ամբողջ աշխարհում: 

«Այսօր աշխարհում հասուն տարիքի շուրջ 1,7 մլրդ մարդ չունի հասանելիություն ֆինանսական ծառայություններին»,- ընդգծել է ԱՄՀ տնօրեն-կառավարիչ Քրիստին Լագարդը՝ ակնարկելով, որ ֆինտեխը հնարավորություն ունի լուծել այդ խնդիրը: 
Պարբերականի համաձայն՝ ՀԲ-ն բազմիցս նշել է, որ այս ոլորտում առաջին մշակումները (մոբայլ վճարումներն Աֆրիկայում եւ վճարային ավտոմատների ցանցը Մերձավոր Արեւելքում եւ Ֆիլիպիններում) լուծում են ներգրավվածության հարցերը ավելի արագ, քան դա կարող է անել ավանդական ֆինանսական համակարգը: 
Հռչակագրի մյուս կետերում թվարկվում են նոր գործիքների օգտագործման հետ կապված դեռեւս պահպանվող ռիսկերը, մասնավորապես՝ ահաբեկչական կազմավորումների կողմից փողերի լվացման (AML/CFT), ինչպես նաեւ այս ոլորտը ապակայունացնող կիբերհանցագործության աճող ռիսկերը: 

Փաստաթղթում նշվում է «համաշխարհային ֆինանսական համակարգի ավելի խորը գիտակցման» հնարավորության մասին, որը կընձեռի BFA-ի վրա համատեղ աշխատանքը, ինչպես նաեւ հույս է հայտնվում, որ այդ ջանքերը կօգնեն զարգացնել համաշխարհային գործակցությունը միջազգային ֆինանսների վերահսկողության նկատմամբ:

Աղբյուրն` այստեղ

Facebook Comments