ԳԱԳԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ. ՊԵՏՔ Է ՍՏՈՒԳՎԻ ԲՈԼՈՐ ՌԵԿՏՈՐՆԵՐԻ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր “Առավոտ” օրաթերթում կարդացի  “Խորհրդի անդամները կասկածում են ռեկտորի դոկտորությանը եւ լեգիտիմությանը” (մանրամասներն՝ այստեղ, այստեղ) հոդվածը: Չենք կարող պնդել կամ հերքել տնտեսագիտական համալսարանի համար բերված փաստարկների արժանահավատությունը, սակայն պարզ է, որ նոր իրավիճակում տենդենց կա վերաիմաստավորել վերջին 25 տարիների ընթացքում գիտական կադրերի աճի հիմնավորվածությունը, նամանավանդ նրանց, ովքեր գիտական աստիճանների և գիտական կոչումների օգտագործմամբ կրթական համակարգում բարձր պաշտոններ են զբաղեցնում:

Հասարակությունը մեր կայքի գրառումներից արդեն տեղյակ է, որ մեկ այլ բուհում՝ ճարտարապետաշինարարական համալսարանում ռեկտորի լեգիտիմության խնդիր կա՝ կապված  Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության մեջ տեղ գտած գրագողության բազմաթիվ դեպքերի հետ: Այնտեղ խնդիր կա նաև պրոֆեսորի գիտական աստիճանի շնորհման օրինականության հետ: Մենք այդ հարցին կանդրադառնանք առաջիկայում: 

Ռեկտորի լեգիտիմության լրջագույն խնդիր կա Պոլիտեխնիկում, որտեղ երկու անգամ 2007 և 2015 թվականներին համալսարանի կանոնադրությունը “հարմարեցվեց” իշխանության նախընտրելի թեկնածուի՝ Ոստանիկ Մարուխյանի “չափանիշներին”: Երկրորդ անգամ` 2015թ.-ին ընտրությունները պոլիտեխնիկում կազմակերպվել և անց են կացվել գործադիրի ամենաանթույլատրելի միջամտության պայմաններում (մանրամասներն՝ այստեղ): 

Իմ կարծիքով, բոլոր բուհերում էլ, խնդիրներ են առաջացել: Քննարկումերի և վերլուծությունների արդյունքում կարծում եմ հնարավոր կլինի գտնել արդյունավետ լուծումներ՝ առաջ գնալու համար: Կարևոր է հասկանալ նաև ռեկտորների ուսումնագիտական գործունեության արդյունավետության իրական պատկերը՝ տալ գնահատական տպագրված աշխատանքների, միջազգային գիտաժողովներում կարդացած զեկուցումների, թողարկած ասպիրանտների վերաբերյալ:

Գագիկ Ներսիսյան

P.s. rector.am կայքը կարձագանքի բոլոր այսպիսի դեպքերին և հնարավորություն կտա հակադիր կողմերին իրենց կարծիքն արտահայտելու համար:

 

Facebook Comments