ԳԱԳԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ.ԵՐԵՎԱՆՆ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ

Երևանն արցունքներին չի հավատում կամ Ռեկտոր Գագիկ Գալստյանը հանրությանը պետք է բացատրի վերջին տարիներին իր անվան հետ կապված տասնյակ պատմությունների շարժառիթները:

Ես rector.am կայքը ստեղծել եմ մեկ նպատակով. այստեղ պետք է խոսենք երևույթների, արարքների ու դրանց շարժառիթների մասին: Անձերը երկրորդական են: Եթե մարդու անցած ճանապարհը գովեստի է արժանի, շնորհակալություն կհայտնենք: Մարդը սխալմամբ «սայթաքե՞լ է»՝ հոգ չէ. անսխալական է միայն Աստված: Խնդիրը, անձնական շահի անհագուրդ ցանկությանը գերի դառնալով, կանխամտածված, հաշվարկված հետևողական քայլերով հասարակությունից օտարվելու և նեղ անձնական շրջապատին սպասարկելու գործելակերպի դրսևորումն է, որը, անպատիժ մնալով, փորձանք է դառնում այս ժողովրդի գլխին:

Օրինակնեը բազմաթիվ են:

Այժմ անդրադառնանք առերևույթ փոքր մի հարցի՝ Ճարտարապետաշինարարական համալսարանի մամլիչի՝ որպես մետաղի ջարդոն վաճառվելու պատմությանը (մանրամասները՝ այստեղ, այստեղայստեղ): Գուցեև ամեն օր մեզ հասնող տարաբնույթ չարաշահումների տարափի կողքին սա նույնիսկ ուշադրության չպիտի արժանարար: Սակայն սա առանձնահատուկ դեպք է, երբ բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավարի գործողություններում սուտն ու կեղծիքը գործելաոճ են դարձել և դրսևորվում են Գագիկ Գալստյանի հետ կապված տասնյակ պատմություններում:

Ես ինձ համարել եմ Գագիկ Գալստյանի ընկերը, ու շատ դժվար է գրել այս տողերը, բայց լռել այլևս չեմ ուզում: Ընդհանրացված կպատասխանեմ այն հարցերին, որոնց ընթերցողները անդրադարձել են՝ այս նյութի հետ կապված, և կփորձեմ ներկայացնել իմ տեսակետը:

Նախ ուզում եմ հանգստացնել բոլոր նրանց, ովքեր կփորձեն բարոյական դաս տալ մեզ, ասելով՝«անամոթներ…սա էլ հերթական պատվերն է… այս լուրի տարածումը հերթական էժանագին քայլերից մեկն է» … ու նմանատիպ բաներ: Հարգելիներս, այս կայքում «ֆեյքեր» չկան: Այստեղ բոլորն իրական, ճանապարհ անցած մարդիկ են: Հասարակությունը մեզ լավ է ճանաչում: Մենք չենք «կորացել» որևէ իշխանության առաջ, և ոչ ոք մեզ պատվեր տալ չի կարող: Եվ հենց սա է Գագիկ Գալստյանի ու իր նմանների հիմնական խնդիրը, բոլոր նրանց խնդիրը, ովքեր կարծում են, որ կարելի է «առնել» ամեն ինչ:

«Հարձակվելով» նյութի հեղինակների վրա և հիշեցնելով Գագիկ Գալստյան շինարարի արժանիքների մասին՝ հնարավոր չէ փակել վերջին տարիներին նրա գործունեության հետ կապված այն էջերը, որոնք ստվերում են շինարար Գալստյանի նախկին փառքը և կարող են լիովին հեղինակազրկել նրան: Իսկ դրանք քիչ չեն:

Առաջարկում եմ խոսել միայն փաստերով՝ զերծ մնալով էմոցիոնալ, հիմնավորում չունեցող հայտարարություններից, թե՝ «գիտե՞ք՝ ում մասին եք խոսում, գիտե՞ք՝ ինչ շինարար ա»: Այո, գիտենք: Սակայն գիտենք նաև, որ երբ 2 տարի առաջ հրապարակվեցին այդ շինարարի դոկտորական ատենախոսության մեջ գրագողության (որն ըստ էության նույն գողությունն է) տասնյակ դրվագներ, նման մերկապարանոց հայտարարություններով այդպիսինները «փակեցին» գրագողության դեմ ընդվզողների բերանը: Այդ ժամանակ ամենաանթույլատրելի կերպով խառնվեց կրթության և գիտության պատմաբան նախարարը և իր բարձր աթոռից հնչեցրեց վերդիկտը՝ «Իրականում այդ հսկա դիսերտացիայի մեջ նման մեկ կետ էլ չես կարող գտնել» (մանրամասները՝ այստեղ): Գագիկ Գալստյանն էլ, «թաքնվելով» նախարարի թիկունքում, հայտարարեց. «Չեմ ուզում նման բաների մեջ ընկնել, երբեք նման բան չի եղել, բացարձա՛կ (մանրամասները՝ այստեղ):

Հիմա ես ինձ շատ մեղավոր եմ զգում, որ լռել եմ նախարար Մկրտչյանի կատարած այդ աղաղակող անարդարության ու այդ գործին ապօրինի միջամտության փաստի դեմ: Ու հիմա՝ երկու տարի անց, ուզում եմ ուղղել իմ սխալը. վաղվանից սկսած՝ յուրաքանչյուր օր, rector.am կայքում կտեղադրվեն Գագիկ Գալստյանի դոկտորական ատենախոսության գրագողության դրվագները՝ օրական մեկ դրվագ (հանգստյան օրերը կլինեն շաբաթն ու կիրակին: Հավանաբար մինչև Ամանոր կվերջացնենք):

Այստեղ որպես հավելում ուզում եմ ասել. էլ ամպագոռգոռ հայտարարություններ չանեք, թե՝ «գիտե՞ք՝ ինչ շինարար ա, դուք ծանո՞թ եք իրա կենսագրությանը»: Գրագողության պատճառով իրենից լավ կենսագրություն ունեցող անձինք են պաշտոնանկ արվել (մանրամասները՝ այստեղ): Ու ռեկտոր Գալստյանն անմիջապես հրաժարական պիտի տար այս պարագայում: Իհարկե, եթե ինքն իրեն հարգեր:

Հիմա երկու խոսք մամլիչի մասին. եթե Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, որը հանրապետությունում ճանաչված անձնավորություն է և հայտնի է իր սկզբունքայնությամբ, այս և ևս երկու այլ գործերով դատի է տվել ռեկտոր Գալստյանին, ուրեմն ծանրակշիռ հիմքեր ունի դրա համար: Մենք տեղեկացանք, որ այս հարցը երկար նախապատմություն ունի՝ գրություններ՝ ուղղված ՀՀ ԿԳ նախկին ու ներկա նախարարներին, պետգույքի վարչություն, գործատուի ոտնահարված իրավունք, նույնիսկ համալսարանում պաշտոնանկություններ են եղել այս ու նման խնդիրների դեմ ընդվզելու պատճառով: Իսկ Գագիկ Մակարյանը պետգույքի առաքած հետաքրքիր մի փաստաթուղթ ուղարկեց մեզ, որտեղից հստակ երևում է, որ մամլիչը, որը համալսարանը որպես մետաղի ջարդոն վաճառել է 2017թ. ապրիլի 19-ին, 2017թ. փետրվարին արդեն գնորդ է ունեցել, և այդ կապակցությամբ պետգույքի վարչությունը 2017թ. մարտի 1-ին դիմել է ՀՀ ԿԳՆ ու պատասխան չի էլ ստացել:

Գուցե 2017թ. գարնանը 2014թ. դուրս գրված մամլիչն այլևս գոյություն չի՞ ունեցել: Աստված գիտի, ու նաև՝ Գագիկ Գալստյանը:

Այսօր ես ուզում եմ խոսել նաև Գագիկ Գալստյանի կողմից ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան (նախագահող դատավոր՝ Ն.Բարսեղյան) ներակայացված ևս մի մտացածին փաստաթղթի մասին: Հետին ամսաթվով, միակողմանի ստորագրված փաստաթուղթ (իբր՝ կատարողական ակտ) ներկայացնելով որպես հիմք՝ Գագիկ Գալստյանն իր մասնավոր՝ «Հորիզոն 95» կազմակերպության միջոցով նպատակ ունի բեկանել դատարանի առաջին ատյանում մերժված իր հայցը և սնանկ ճանաչել Պատվիրատու մի կազմակերպության, որը չի ցանկանում նրան վճարել «օդից կրակված թվեր» և արդեն 2 և ավելի տարի է՝ պարզապես պահանջում է սահմանված կարգով կատարողական ակտ ներկայացնել:

Մենք հետամուտ ենք լինելու այս գործին և կարծում ենք, որ Գագիկ Գալստյանը խոհեմություն կունենա հրաժարվել կեղծիքի ճանապարհով գնալու անհեռանկար գործելաոճից:

Այսօր այսքանը:

Հիշեցնենք, որ “Ժողովուրդ” օրաթերթը մի քանի օր առաջ անդրադարձել էր այս հարցին, նշելով, որ “որ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը դիմել է դատարան, քանի որ բացահայտել է, որ հիմնադրամից դուրս է գրվել մամլիչ եւ մետաղի ջարդոնի անվան տակ վաճառվել է: Եվ հիմա Գործատուների հանրապետական միության նախագահը պահանջում է, որ ռեկտորը վաճառված մամլիչի շուկայական գինը համալսարանին փոխհատուցի: Ստացվում է, որ բուհի ռեկտորը հիմնադրամին պատկանող գույքը մետաղի անվան տակ վաճառում: 

Գագիկ Ներսիսյան

rector.am կայքի գլխավոր խմբագիր

Facebook Comments