Գագիկ Մակարյան. Մի քանի դրամ տնտեսելու համար զոհաբերվում է կարևորագույնը՝ կրթության որակը

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվել է Հայաստանի գործատուների հանրապետական միությունն ընդդեմ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի  ռեկտոր Գագիկ Շաղաբեգի Գալստյանի ԵԴ/20400/02/18 քաղաքացիական գործի քննությունը:

Դատարանի դահլիճում էին նաև մի շարք ճանաչված պրոֆեսորներ:

Դատարանի որոշմամբ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը ներգրավվել է պատասխանողի կողմում որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ: Դատաքննությունը կշարունակվի 2020թ. հունվարի 29-ին:

Հիշեցնենք, որ Համալսարանը, առկա ուուցման թերբեռնված խմբերում 2014թ.-ից կիրառում է 25%-ով վարձատրման գործառույթ: Այսինքն, դասախոսը վարձատրվում և պարապմունքներ է անցկացնում 4 անգամ ավելի պակաս, քան դա նախատեսված է ուսումնական պլանով: Արդյունքում, ուսանողները տվյալ՝ հիմնականում նեղ մասնագիտական առարկաների մասով, անցկացնում են 4 անգամ ավելի պակաս պարապմունքներ, ինչը չի կարող չհանգեցնել ուսման որակի անկման:  

Նվազեցված տոկոսով վարձատրման պրակտիկայի կիրառումը հակաօրինական է։ Պետության կողմից ուսանողական նպաստների ձևավորման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ կրթական ծրագրերով բուհին  տրամադրվող գումարը ներառում է ուսումնական պլանով նախատեսված պարապմունքները: Փաստորեն կիրառելով նվազեցված տոկոսով վարձատրման պրակտիկան, ստացած գումարի դիմաց իր կողմից ստանձնած պարտավորությունների մի մասը Համալսարանը չի իրականացրել՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի վնաս:

Ուստի, չպարապված դասաժամերի դիմաց  ստացված գումարները ենթակա են հաշվարկման, որպեսզի հետագայում ետ վերադարձման ՀՀ պետական բյուջե: Նույնը վերաբերում է նաև վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողներին:

Չպարապված դասաժամերի դիմաց ստացված գումարները ենթակա են հաշվարկման, որպեսզի հետագայում ետ վերադարձման վճարովի ուսուցմամբ սովորող ուսանողներին նույնպես: 

-Համալսարանի թերբեռնված խմբերում կիրառվող նվազեցված տոկոսով վարձատրման գործառույթը հանգեցրել է կարևորագույն մասնագիտությունների գծով ուսանողների թերի ուսումնառությանը, ինչն անշրջելի կորուստ է մեր հանրապետության համար,-Rector.am-ի հարցին ի պատասխան ասաց  Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, — Զարմանալին այն է, որ բուհի ռեկտորի կողմից չի ընկալվում այդ արարքի ծանրությունը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այդ անձնավորությունը բոլորավին էլ դեմ չէր լինի որևէ ֆորման պատճառաբանությամբ փակել հարցն, առանց դրան լուծում տալու: Սա իսկապես մտահոգիչ է:

“Վերջին ամիսների իրադարձությունները բուհական ոլորտում հաստատում են այն մտահոգությունները, որ կրթության որակի ապահովումն ու կրթական բարեփոխումների իրականացնումը ռեկտորների պաշտոնակատարների կողմից նույնացվում է կադրային ջարդի հետ: Սակայն լուծումների փնտրտուքը շատ ավիլ խորքային գործընթաց է: Իսկ ինչ վերաբերում է ընտրված ռեկտորներին, ովքեր հանդիսանում են կրթության որակի և բարեփոխումների երաշխավորը, ովքեր ռազմավարական ծրագրեր են ներկայացրել ու դրանց կատարման պատասխանատուն են, ովքեր պարտավորվել են աշխատաշուկայի կարիքների համարորակյալ մասնագետներ պատրաստել, մի քանի դրամ տնտեսելու համար զոհաբերում են կարևորագույնը՝ կրթության որակը: Այս առումով ռեկտոր Գալստյանի արարքին պետք է տրվի համաչափ գնահատական, որպեսզի այսուհետ որևէ մեկի մտքով չանցնի կրկնել այն”— ասել է Գագիկ Մակարյանը

Անահիտ Ավետիսյան

Facebook Comments