Գագիկ Հարությունյան. Տարիներով կուտակված հիմնախնդիրներ կան

«Բարձրագույն դատական խորհրդի գործունեության առաջին իսկ օրերից փորձեցինք հստակեցնել անելիքները և ծրագրել քայլերը, որոնք արդեն պայմանավորված էին նաև դատական օրենսգրքով սահմանված ժամանակցույցով»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը՝ ներկայացնելով անցած վեց ամիսներին կատարած աշխատանքը։

Նա նշեց, որ օրենսգրքով սահմանված ժամանակացույցով կարողացան համապատասխան փաստաթղթերն ընդունել։

Գագիկ Հարությունյանի խոսքով՝ ոլորտում որակական լուրջ փոփոխություններ ապահովելու համար նախևառաջ պետք է գնահատել իրավիճակը։

«Հավանաբար, նախկինում էլ շատերը լսել են, որ ՍԴ նախագահ եղած ժամանակ առիթներ շատ եմ ունեցել հայտարարելու, որ մենք դատարաններ ունենք, արդարադատություն չունենք։ Ցավոք սրտի մոտիկից ծանոթացումը բացահայտեց, որ վիճակն ավելի մտահոգիչ է, քան նույնիսկ հնարավոր է ենթադրել»,- ասաց ԲԴԽ նախագահը։

Նա ընդգծեց, որ տարիներով կուտակված հիմնախնդիրներ կան, որոնք պետք միայն խորքային բարեփոխումների արդյունքում լուծել։

Գագիկ Հարությունյանի գնահատմամբ, առաջին խնդիրն այն է, որ պետք է ստեղծվի մրցակցային արդարադատություն. «Արդարադատությունը պետք է մոտեցվի բնակչությանը և լինի մրցակցային։ Երբ ուսումնասիրեցինք, թե մարզերում ինչ վիճակ է, տեսանք նստավայրեր, դատավորներ, դատական գործերի բաշխում, ակնհայտ է, որ այստեղ հայտարարվել է մի սկզբունք, բայց գործել է մի սկզբունք։ Մրցակցային դատավարության փոխարեն մաքսիմալի է հասցվել սուբյեկտիվ գործոնը, այսինքն գործերը բաշխվել են դատարանի նախագահին, նա էլ իր սուբյեկտիվ հայեցողությամբ դրանք տվել է այս կամ այն դատավորին և ստացվել է հասցեական արդարադատուտություն, որն էլ կոռուպցիոն ռիսկերը մեծացնում է»։

Նա նշեց, որ իրենք այս համակարգը վերանայել են և փորձել են օպտիմալացնել նստավայրերը, այնտեղ ապահովել մեկից ավելի դատավորներ։

«Պետք է գործերի բաշխումը լինի էլեկտրոնային համակարգի միջոցով»,- ավելացրեց Գագիկ Հարությունյանը։

Աղբյուրն այստեղ

Facebook Comments