Արամ Միքաելյան. Հաշվիչ հանձնաժողովի հինգ անդամներից երեքը հրաժարվել են ստորագրել ռեկտորի ընտրության արձանագրությունը

Այս մասին ահազանգում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի թեկնածու Արամ Միքաելյանը, ով իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը։

“Քիչ առաջ ինձ անծանոթ էլեկտրոնային հասցեից ստացա նամակ, որին կցված էր հետևյալ արձանագրությունը։ Շնորհակալություն պոլիտեխնիկի ապագայով իրապես մտահոգ այդ մարդուն (հղումը՝ ռեկտորի թեկնածու Դ.Ղազարյանի)։
Եվ այսպես, ինչպես նշել էի նախորդ հրապարակման մեջ, հաշվիչ հանձնաժողովի 5 անդամներից 3-ը հրաժարվել են ստորագրել հաշվիչ հանձնաժողովի կազմած արձանագրությունը (ովքեր նաև հրապարակային կերպով հրաժարվել են հաշվիչ հանձնաժողովի անդամ լինելուց) և հանձնաժողովի այդ երկու անդամները (ովքեր ստորագրել են այդ արձանագրությունը) հոգաբարձուների խորհրդին հայտնել են, որ առկա է 3 ստորագրություն և հոգաբարձուների խորհուրդը 18 կողմ ձայնով հաստատել է այդ «արձանագրությունը»։
 
Ես դիմել էի հոգաբարձուների խորհրդի քարտուղարին և նախագահին, որ ինձ տրամադրեն բնօրինակի պատճեն, բայց դեռ պատասխան չեմ ստացել։ Ուստի խնդրում եմ հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Մուսայելյանին, որ կամ հոգաբարձուների խորհրդի քարտուղարի միջոցով ինձ և մյուս թեկնածուներին պաշտոնապես տրամադրեն բնօրինակի պատճեն, որպեսզի ես կարողանամ համադրել այս արձանագրության հետ կամ թող պաշտոնապես հերքեն, որ այս արձանագրությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը (հղումը՝ ռեկտորի թեկնածու Դ.Ղազարյանի)։

Ավելի վաղ, Արամ Միքաելյանն անդրադարձել էր 2020 և 2016 պատերազմների ժամանակ պոլիտեխնիկական համալսարանի ուսխորհրդի և նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի կրավորակեան կեցվածքին։ Մասնավորապես, ռեկտորի թեկնածուն գրում է. Նախընտրական ելույթումս անդրադարձել էի ՀԱՊՀ “ուսխորհրդի” “հերոսական և հայրենանվեր” կեցվածքին` վերջին պատերազմի օրերին և հաջորդիվ “անձնվեր և հոգատար” վերաբերմունք վիրավոր ընկերներին, զոհված ուսանողների ընտանիքներին” և ներկայացնում է համալսարանի գիտխորհրդի նախկին անդամ Գագիկ Սարգսյանի տարիներ առաջ հրապարակած հոդվածը այստեղ

Բոլորս ընկալենք՝ ՄԵՐ պարտությունը նախապատմություն ունի“, շարունակում է Արամ Միքաելյանը և ավելացնում. “ՀԱՊՀ “փառապանծ” անցյալը և մեր վզին “փաթաթվող” ՀԱՊՀ ապագան”։

Rector.am -ը մի քանի հարց ուղղեց Արամ Միքաելյանին. 

Ի՞նչ է կատարվում այսօր պոլիտեխնիկում։

— Այն ինչ տեղի է ունենում այսօր պոլիտեխնիկում խորը արմատներ ունի։ Սա առաջին հերթին հնարավոր է դարձել համալսարանի պրոֆեսորների և դոցենտների կրավորական կեցվածքի պատճառով։ Մի քառասուն տաի առաջ ո՞ւմ մտքով կանցներ, որ կենսագրություն չունեցող գոռվարդանյան կամ նրա ուսխորրդից որևէ մեկը կարող է հավակնել նույնիսկ դեկանի տեղակալի պաշտոնի, էլ չխոսենք պրոռեկտորի ու ռեկտորի պաշտոնի մասին (լույս իջնի հոգուդ՝ Արծրուն Մարտիրոսովիչ)։ Ես գիտեի, որ մեր համալսարանը ծանր հիվանդ է, և ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի ապաշնորհ կառավարման հետևանքները դեռ երկար տարիներ զգացնել  են տալու իրենց։ Սակայն այն հանգամանքը, որ Գոռ Վարդանյանի մտքով կարող է անցնել հավակնել համալսարանի ռեկտորի պաշտոնին, ցույց է տալիս որ  պոլիտեխնիկը հոգևարքի մեջ է։

Պատասխանելով ռեկտորի թեկնածու, պրոֆեսոր Բալջյանի այն դիտարկմանը, թե եթե անգամ Իսահակ Նյուտոնը լիներ ռեկտորի թեկնածուների ցուցակում, Գոռ Վարդանյանը, միեւնույն է, անհրաժեշտ ձայները կստանար՝ Գոռ Վարդանյանն ասել է՝ եթե Իսահակ Նյուտոնը լիներ թեկնածուների ցուցակում, ինքն անձամբ ինքնաբացարկ կհայտներ։

-Գոռ Վարդանյանի գիտական “քաշը” պրոֆեսոր Բալջյանից նույնքան պակաս է, ինչքան Իսահակ Նյուտոնից, քանի որ այն ձգտում է զրոյի։    

Ո՞րն է ելքը։

-Որպես առաջին քայլ, պոլիտեխնիկը պետք է ձերբազատվի Գոռ Վարդանյանի ազդեցության տակ գործող ուսխորհրդից, որի խնդիրը միայն իրենց սեփական շահերի սպասարկումն է։ Երկրրդ քայլն ավելի բարդ է՝ անհրաժեշտ է վերադառնալ պոլիտեխնիկի ակունքներին ու փորձել մոռանալ Մարուխյանին ու նրա կառավարման օրոք ձևավորված արատավոր բարքերը։ Կան բազմաթիվ այլ հարցեր նույնպես, սակայն դրանց մասին իմաստ ունի խոսել միայն այս երկու խնդիրը լուծելուց հետո։ Մարուխյանին կասեմ նաև. “Սատանայի թաթերը համբուրելով դրախտ չես ընկնի”։

Գագիկ Ներսիսյան

Աղբյուրն այստեղ՝

Facebook Comments