ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ՝ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Ուղիղ 40 տարի առաջ ես՝ կոնսերվատորիայի առաջին կուրսի ուսանողս, մեր բուհի պատի թերթում հոդված էի գրել՝ «Տիգրան Մանսուրյանը 40 տարեկան է»:

Խորհրդային պաշտոնական դասակարգմամբ 40 տարեկանը գրեթե երիտասարդ տարիք էր: Չնայած դրան՝ Մանսուրյանն այն ժամանակ մեծ ժողովրդականություն էր վայելում կինոյի համար գրված իր երաժշտության համար: Բայց մենք՝ պատանեկությանը հատուկ սնոբիզմով, դա լուրջ ժանր չէինք համարում եւ մեծարում էինք նրա «դասական գործերը»` հատկապես թավջութակի եւ կրկնակի կոնցերտները, որոնք գրվել էին 1970-ականների երկրորդ կեսին:

Խորհրդային համակարգն առանձնապես մաեստրոյի սրտով չէր, բայց հանուն արդարության պետք է արձանագրել, որ այն ժամանակ, ինչպես նաեւ 1980-ականներին Մանսուրյանի երաժշտությունը (այդ թվում՝ «դասական») ավելի հաճախ էր հնչում, քան այսօր:

Նշեմ նաեւ, որ 20-րդ դարի երաժշտության ամենավերջին նորույթները՝ Մեսիանի, Բուլեզի, Քեյջի, Շտոքհաուզենի գործերը նույնպես հասու էին մեզ՝ ուսանողներիս: Այդ թվում՝ Մանսուրյանի շնորհիվ, որը մեզ դասավանդում էր «Ժամանակակից երաժշտություն» առարկան: Մեր երաժշտական ճաշակը զարգացնում էր նաեւ Մանսուրյանի ուսուցիչը եւ մեր ռեկտորը՝ Ղազարոս Սարյանը, որի շնորհիվ կոնսերվատորիան «լճացման շրջանում» ամենեւին էլ լճացած չէր:

«Սովորեք եւ սովորեցրեք մարդկանց երաժշտություն լսել»,- հորդորում էր Մանսուրյանը՝ օրինակ բերելով այն ժամանակ արդեն տարագիր դարձած ռուս կոմպոզիտոր եւ ազնվական Անդրեյ Վոլկոնսկուն, որը, նրա պատմելով, դա անում էր ժամերով եւ օրերով:

«Իսկ գիտե՞ք՝ ինչ եմ ես երեկ լսել,- մի անգամ հարցրեց կոմպոզիտորը՝ բնականաբար, սպասելով, որ մենք որեւէ «ավանգարդիստի» անուն կտանք, եւ անակնկալի բերեց,- ԱԲԲԱ-ի նոր ալբոմը»:

Լայնախոհություն, կանխակալ վերաբերմունքի բացակայություն, հարգանք տաղանդի բազմատեսակ դրսեւորումների հանդեպ՝ այս հատկություններն անհրաժեշտ են ոչ միայն երաժիշտներին:

 Տիգրան Մանսուրյանը դառնում է «երկու անգամ 40 տարեկան»:

Իր «երկրորդ 40-ամյակը» կոմպոզիտորն ապրել է ինտենսիվ աշխատանքի, շարունակվող փնտրտուքի մեջ: Եթե երկու բառով փորձեմ բնութագրել այս ճանապարհը, ապա դա, իմ կարծիքով, շարժում է երաժշտական լեզուն ավելի «խիստ», ավելի «ասկետիկ» դարձնելու ուղղությամբ:

Տարիքի, իմաստության հետ միասին այդ միտումը նկատվում է մեծերից շատերի մոտ՝ Բեթհովենի, Բրամսի կամ Ստրավինսկու:

Օրինաչափորեն ավելի մեծ տեղ է սկսում զբաղեցնել հոգեւոր երաժշտությունը: Մանսուրյանի պարագայում դա կամուրջ է այսօրվա եւ մեր շարականների, տաղերի, Նարեկացու, Շնորհալու բանաստեղծական եւ երաժշտական երկերի միջեւ:

Մանսուրյանի «Ռեքվիեմը» մի գագաթ է, որին մենք հասել ենք 21-րդ դարում՝ Կոմիտասի Պատարագից հետո: Իսկ Շնորհալու աղոթքների հիման վրա «Հավատով խոստովանիմ» շարքը դեռ շարունակվում է… 

Արամ Աբրահամյան

Աղբյուրն՝  այստեղ

Facebook Comments