Ատոմ Մարգարյանի դեմ հալածանքներ են սկսվել. «37 թվի մեթոդներով ուզում են ինձ հեռացնել համալսարանից»

Aravot.am-ի տեղեկություններով  Aravot.am-ի հրապարակումից հետո, որտեղ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի մի խումբ անդամներ բարձրաձայնել էին բուհում առկա խնդիրների մասին, հալածանքներ են սկսվել բուհի որոշ աշխատակիցների դեմ, որոնց թվում է նաեւ ՀՊՏՀ ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար Ատոմ Մարգարյանը:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մարգարյանը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը: «Բնականաբար, ձեր թերթի հրապարակումից հետո հանրապետական ռեկտոր Կորյուն Աթոյանը իր սովորական կառավարաոճին համապատասխան, իրեն հավատարիմ խիստ ագրեսիվ ու շահագրգիռ անձանց նեղ շրջանակի միջոցով (նրանք ընդամենը 5 հոգի են) պետք է ուժեղացներ ճնշումները և հալածանքները, առաջին հերթին թիրախավորելով ինձ, ու փորձեր ամեն հնար գործադրել ինձ համալսարանից հեռացնելու համար, քանի որ համարձակվել եմ որպես ՀՊՏՀ Խորհրդի անդամ խիստ ցավոտ հարցեր բարձրացնել՝ գրադարանում իր դոկտորականի ավելի քան 22 տարվա բացակայության, որպես ռեկտորի թեկնածու քվեարկվելիս փաստաթղթեր չներկայացնելու, պահանջի պարագայում դրանց տրամադրումը մերժելու, նրա դոկտորական դիպլոմի փոխճանաչման ակնհայտ խախտումների ու մի շարք այլ խնդիրների առնչությամբ։

Եվ ահա, այսօր առավոտյան ռեկտորը հրահանգ է իջեցրել բոլոր ամբիոններին ու նույնիսկ ոչ ուսումնական ստորաբաժանումներին՝ ստորագրել նշված անձանց կազմած մի քստմնելի ու շինծու մեղադրանքներով տեքստի տակ, ըստ որի ես ոչ ավելի ոչ պակաս խաթարում եմ համալսարանի աշխատանքային մթնոլորտը։ Ստորագրահավաքի «ծանր բեռը» իրենց ուսերին են վերցրել հիշյալ հնգյակի անդամները, որոնք հայտնի են սոցիալական ցանցերում իրենց ոչ հավասարակշիռ գրառումներով։ Առաջարկվող տեքստի տակ չստորագրողներին սպառնում են հեռացել աշխատանքից։ Նպատակը մեկն է՝ 37 թվի մեթոդներով (կոլեկտիվի միահամուռ պահանջով) հասնել համալսարանից իմ հեռացմանը»,-ասաց Ատոմ Մարգարյանը։

«Դժվար է ասել, թե այս բացահայտ հաշվեհարդարը, այն էլ հետհեղափոխական Հայաստանում օրը ցերեկով, մինչև ուր կհասնի, սակայն զավեշտը արդեն հասել է իր գագաթնակետին։ Բանն այն է, որ բառացիորեն մեկ շաբաթ առաջ ռեկտոր Աթոյանը համալսարանի գիտաուսումնական լաբորատորիաների ղեկավարներին ու աշխատակիցներին, այդ թվում և ինձ՝ ուղարկել է ծանուցումներ, որոնց համաձայն ս.թ. դեկտեմբերի 18-ից ես ազատված եմ աշխատանքից։ Ինչ է ստացվում։ Ռեկտորը ու նրա շրջապատը այնքան են չարացած, որ աշխատանքից ազատելու որոշման առկայության ու այդ մասին ծանուցման պարագայում անգամ նորից ստորագրահավաք են սկսել տալիս՝ ինձ աշխատանքից կրկնակի հեռացնելու վերաբերյալ։

Իսկ թե ինչ են նրանք պատասխանելու իմ ուսանողներին (ես մի քանի հատուկ կամ ընտրովի դասընթացներ եմ վարում բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում), այն էլ կիսամյակի կեսին, մնում է անհայտ։ Ակնհայտ է, որ թե ռեկտորին և թե իր շրջապատին բացարձակապես չի հետաքրքրում և (չի հետաքրքրել) ուսանողը ու նրա խնդիրները։ Նրանց հետաքրքրել է բացառապես իրենց անձնական, խմբային ու կլանային շահերը, որը միշտ քողարկել են բարեփոխումների կեղծ օրակարգով ու դրանց իմիտացիայով։

Սակայն հանրապետական ռեկտորի շրջապատի ջղաձգումները ինձ համար որևէ նշանակություն չունեն։ Սա նաև յուրօրինակ քաղաքական հետապնդում է, բոլորն էլ տեղյակ են իմ փորձագիտական, հանրային ակտիվությունից (ամեն ինչ արտացոլված է իմ ֆեյսբուքյան էջում) ու ռեկտորը, հատկապես հետհեղափոխական շրջանում, իր մարդկանց միջոցով մշտապես փորձել է անգամ իմ գործընկերների (մյուս լաբորատորիաների ղեկավարների) ներկայությամբ ճնշել ու լռեցնել իմ հանրային ելույթներն ու գնահատականները։

Ըստ երևույթին նրանք ինձ չեն ներում նաև այն բանի համար, որ այս տարվա ապրիլ-մայիսին ես ողջունեցի Հայաստանում հեղափոխության ու փոփոխությունների ալիքը ու դեն նետեցի հանրապետականի անդամատոմսը:

Ինչևէ։ Ճշմարտությունն ու օրինականությունը ինձ համար վեր են ամեն ինչից։ ՀՊՏՀ ռեկտորի լեգիտիմության և նրա փաստաթղթերի ու դրանց հիմքերի օրինականության հարցերը ես հետապնդելու եմ մինչև վերջ։

Վերջում ուզում եմ դիմել իմ չարացած, ծառայամիտ կամ ուղղակի խաբված գործընկերներին։  Հիշեք դուք սուրբ չեք, ոչ էլ դատավորներ, և ոչ էլ ես։ Բայց հիշեք՝ ամբոխի մեջ միշտ էլ գտնվում է մեկը, ով բացականչում է՝ «Արքան մե՜րկ է», անկախ նրանից, թե տարիներ շարունակ ինչ ռեպրեսիվ կամ ճիզվիտական միջոցներ կկիրառվեն նրա նկատմամբ»,-ասաց Ատոմ Մարգարյանը։

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանից մեկնաբանություն չխնդրեցինք, որովհետեւ բուհի եւ իր մասին ցանկացած հարցի բարձրաձայնում նա որակում է զառանցանք  եւ հրաժարվում մեկնաբանություններից:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Ատոմ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/10/31/990594/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook 

Facebook Comments