Անստորագիր քծնանքը ճարտարապետաշինարարական համալսարանում շարունակվում է

Երեկ ճարտարապետաշինարարական համալսարանի տխրահռչակ ռեկտոր Գագիկ Շաղաբեգի Գալստյանի ծննդյան օրն էր: Մենք ձեռնպահ կմնայինք որևէ բացասական արձագանքից, եթե այդ գրագող անձն այնքան խելք ունենար, որ իր անվան շուրջ ձևավորված գրագողության սկանդալի ֆոնին, ետ պահեր իր պնակալեզ խամաճիկներին համալսարանի պաշտոնական կայքն օգտագործել քծնանքի ու իր հետ կապ չունեցող սին մեծարումների հերթական չափաբաժինը հանրությանը ներկայացնելու գայթակղությունից:

Մեջ բերենք փետրվարի 8-ին, nuaca.am կայում տեղադրված շնորհավորական ուղերձից մի քանի տող (այստեղ).

Ձեր նվիրումն աշխատանքին ու սրտացավ վերաբերմունքը յուրաքանչյուր ուսանողի նկատմամբ անհերքելի են դարձնում Ձեր՝ լավագույն ռեկտոր, լավագույն մասնագետ, ավագ ընկեր ու մեծ հայրենասեր լինելու հանգամանքը:

Սիրելի ռեկտոր.

Ձեր մարդ և ղեկավար տեսակը օրինակ է բոլորի համար, շինարարության ոլորտում Ձեր ձեռքբերումները՝ յուրաքանչյուր շինարար-ուսանողի բաղձալի երազանք”

Բոլորովին էլ զարմանալի չէ, որ այս տողերը չունեն հեղինակ: Այլապես, դրանք գրողը պիտի կարողանար պատասխան տալ.

  •  լավագույն մասնագետն ինչո՞ւ է տասնյակ արտագրություններ անում ուրիշների աշխատանքներից և միթե՞ դրանք են այն ձեռքբերումները, որոնք  յուրաքանչյուր շինարար-ուսանողի համար պիտի դառնան բաղձալի երազանք.
  • սրտացավ վերաբերմունքը յուրաքանչյուր ուսանողի նկատմամբ, ինչպե՞ս է համատեղվում օրինակ, ուսանող Հովհաննես Շերմազանյանին ու նրա ընկերներին պետպատվերով մագիստրատուրայում սովորելու հնարավորությունից ապօրինի զրկելու գործողությունների հետ (այս հարցի վերաբերյալ rector.am-ի վերլուծությունը կներկայացվի առաջիկայում, իսկ առայժմ՝ նախնական տեղեկատվությունն՝ այստեղ) կամ ինչո՞ւ է տարեցտարի անշեղորեն նվազում համալսարան ընդունվողների թիվը.
  • ինչո՞ւ է լավագույն ռեկտորը համալսարանի կառավարման լծակները տվել համալսարանի հետ կապ չունեցող, գիտական աստիճան չունեցող մի անձնավորության, ով ավելի շատ է լինում արտասահմանյան գործուղումներում, քան համալսարանում.
  • ինչո՞ւ լավագույն ռեկտորի “դուխը չի հերիքում” գեթ մեկ անգամ ուղիղ եթերում բանավիճել համալսարանի շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ, կամ գոնե հանդես գալ որևէ ուղերձով.
  • ինչո՞ւ ավագ ընկերոջ թեթև ձեռքով, երիտասարդ անձինք ստիպված են եղել թողնել աշխատանքը համալսարանում և արտագաղթել.
  • ինչո՞ւ է մեծ հայրենասերը խեղում կարևորագույն մասնագիտություններով մասնագետների պատրաստման գործընթացը՝ 75 տոկոսով պակաս ֆինանսավորելով փոքր թվաքանակով խմբերի դասաժամերը.   
  • ինչո՞ւ է մեծ հայրենասերը  համալսարանի հաշվեկշռից դուրս գրում աշխատող հաստոցները, դրանց մի մասը ձևակերպելով որպես մետաղի ջարդոնի վաճառք:

Կարող ենք բերել տասնյակ այլ հարցադրումներ, որոնց պատասխանը  լավագույն ռեկտոր, լավագույն մասնագետ, ավագ ընկեր ու մեծ հայրենասեր Գագիկ Գալստյանը պիտի տա ամենամոտ ապագայում:

Իսկ մեզ մնում է միայն հավելել, որ մի քանի ամիս շարունակ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ գրագողության դեպքերի ներկայացումը, դաս չեղավ  Գագիկ Գալստյանին համար: Նա շարունակում է ապրել, քծնանքն ու մեծախոսությունը համարելով, որպես իր համար նախատեսված Աստծո պարգև

Մի բան հստակ է. Գագիկ Գալստյանի ու նրա խամաճիկների կլոունադան այլևս երբեք անպատասխան չի մնալու: 

Գագիկ Ներսիսյան 

 

Facebook Comments