ԱՄՆ-ն՝ միջանկյալ ընտրություններից հետո

ԱՄՆ-ում երեքշաբթի օրը կայացած միջանկյալ ընտրությունների արդյունքներով՝ Դեմոկրատական կուսակցությունը մեծամասնություն կկազմի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, իսկ Հանրապետական կուսակցությունը  կշարունակի վերահսկել Սենատը: Նախնական արդյունքների համաձայն՝ Սենատում Հանրապետական կուսակցության անդամները ստացել են 51 տեղ, Դեմոկրատական կուսակցության անդամները` 43 տեղ, իսկ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները՝ 210, իսկ նախագահ Դոնալդ Թրամփի կուսակիցները՝ 191 տեղ:

Նշենք, որ մինչ այս ընտրությունները՝ հանրապետականները մեծամասնություն էին կազմում և’ Ներկայացուցիչների պալատում (ունեին 235 մանդատ դեմոկրատների 193-ի դիմաց (7 թափուր տեղ)), և’ Սենատում (51 մանդատ` դեմոկրատների 47-ի դիմաց): Սակայն այժմ 8 տարվա մեջ  առաջին անգամ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների մեծամասնություն կազմելու հանգամանքը կարող է լուրջ փոփոխություններ առաջացնել ԱՄՆ-ի ներքաղաքական կյանքում: Դեմոկրատականներն այժմ հնարավորություն են ունենալու առաջիկա երկու տարվա ընթացքում «ստիպել» Թրամփին որոշ հարցերում հաշվի նստել նաև իրենց կարծիքի հետ:

Չնայած Թրամփն արդեն իսկ հաստատել է, որ կորցնում է վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատի նկատմամբ` այնուամենայնիվ, նա ընտրությունների արդյուքներն անվանել է «ցնցող հաղթանակ» իր կուսակցության համար և անգամ շտապել է իր շնորհակալությունը հայտնել Պալատում դեմոկրատների ղեկավար Նենսի Փելոսիին երկու կուսակցությունների միջև համագործակցությունը խթանելու իր պատրաստակամության համար: Սակայն հարկ է նկատել, որ և’ Թրամփը, և’ նրա աշխատակազմի անդամները շատ լավ գիտակցում են, որ Փելոսիի «լուծումներ գտնելու» և երկու կողմերի միջև առկա հակասությունները հաղթահարելու վերաբերյալ կոչը հատկապես ներքին քաղաքականության մասով այդքան էլ չի համապատասխանում իրականությանը:  

Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմելով` դեմոկրատներն այժմ կարող են առաջիկա երկու տարիներին արգելափակել Թրամփի օրենսդրական օրակարգը: Դա հիմնականում վերաբերում է միգրացիոն և տնտեսական օրինագծերին: Օրինակ, Թրամփի համար այժմ ավելի դժվար է լինելու կյանքի կոչել ներգաղթյալներին ԱՄՆ-ում ապաստանի տրամադրման կարգի նոր պլանը, ըստ որի նախատեսվում է անօրինական ճանապարհով երկիր մտած ներգաղթյալներին պահել վրաններում մինչև նրանց վերաբերյալ դատական քննությունն ավարտին հասցվի: Թրամփի համար մեկ այլ խնդիր է լինելու մանուկ հասակում ապօրինաբար Միացյալ Նահանգներ եկած ներգաղթյալներին աշխատելու հնարավորություն ընձեռող «Deferred Action for Childhood Arrivals» (Daca) ծրագրի դադարեցումը: Ինչ վերաբերում է տնտեսականին, ապա նշենք, որ Ներկայացուցիչների պալատին է պատկանում ամենագլխավոր` բյուջեի հաստատման  իրավունքը:

Բացի այդ ակնկալվում է, որ դեմոկրատները կարող են այնպիսի առանցքային հանձնաժողովներ կառավարել, ինչպիսիք են հետախուզականը և պաշտպանականը, ինչն էլ նրանց համար հնարավորություն կստեղծի հետաքննություն նախաձեռնել Թրամփի դեմ:

Դեմոկրատներն այժմ հնարավորություն ունեն ստուգելու Թրամփի ընտանեկան բիզնեսը, ֆինանսական հայտարարագրերը, ընտանիքի անդամներին ղեկավար պաշտոններում նշանակելու համգամանքները, ինչպես նաև իր նախընտրական քարոզարշավը հովանավորների հետ Թրամփի ունեցած հարաբերությունները: Բացի այդ, դեմոկրատներն, ամենայն հավանականությամբ, կշարունակեն պարզել, թե արդյոք 2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Թրամփի ընտրական շտաբի անդամների և Ռուսաստանի կառավարության միջև պայմանավորվածությունն եղել է, թե` ոչ:

Ինչ վերաբերում է նախագահին իմփիչմենթ հայտարարելուն, որի հավանականության մասին վերջին շրջանում գրում էին ԶԼՄ-ները, ապա դրա հավանակությունը բավականին ցածր է, քանի որ այն իրականություն դարձնելու համար դեմոկրատները պետք է ունենան սենատի ձայների 2/3-ը: Այսինքն` նրանց անհրաժեշտ կլինեն նաև հանրապետականների ձայները:

Հարկ է նշել, որ չնայած ներքաղաքական հարցերի շուրջ փոփոխություններին` ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունում զգալի փոփոխություններ չեն սպասվում, քանի որ Սենատը լինելու է հանրապետականների վերահսկողության տակ և Սենատն ունի ավելի մեծ ազդեցություն արտաքին քաղաքականության վրա, քան Ներկայացուցիչների պալատը: Այս առումով նշենք, որ Թրամփն, ամենայն հավանականությամբ, կշարունակի ճնշումներ գործադրել Չինասատանի վրա` առևտրաշրջանառությունն ԱՄՆ-ի համար առավել շահավետ դարձնելու նպատակով, ԵՄ-ի դեմ կիրառված պատժամիջոցները մեղմացնելու հեռանկարը նույնպես անիրատեսական է, Թրամփի վարչակազմի վարած «առավելագույն ճնշում Իրանի նկատմամբ» արշավը կշարունակվի ողջ թափով, դրական փոփոխություններ չարժե ակնկալել նաև ռուս-ամերիկյան հարաբերություններում:

Արփինե Մելիքյան

Աղբյուրն՝այստեղ

Facebook Comments