Ալբերտ Հայրապետյան. Կարո՞ղ է գրագողություն կատարած անձը բարեխղճորեն ղեկավարել բուհը և զերծ մնալ տարատեսակ արատավոր երևույթներից

Ալբերտ Հայրապետյանը տնտեսագիտության թեկնածու է, տնտեսագիտական համալսարանի ասիստենտ: Նա պատկանում է մեր երիտասարդության այն փոքրաթիվ խավին, ում համար ազնվությունը, պատիվը, սկզբունքայինությունը լոկ բառեր չեն՝ այլ կենսակերպ: Հենց այդպիսի երիտասարդների “ուսերին” պիտի կառուցվի մեր ապագա Հայաստանը. Գագիկ Ներսիսյան:

Ալբերտ Հայրապետյանն, իր մտահոգություններով, փորձել է կիսվել տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հետ: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ. 

Հարգելի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար,

Ասելիքս չափազանց շատ է, ուստի փոքր-ինչ երկար է լինելու։

Երբ Դուք նոր նշանակվեցիք ռեկտորի պաշտոնակատար, ես, թեպետ աշխատասենյակի առջև «հերթ կանգնած» և շնորհավորական ձոներ և նորբեղներ գրող դասախոսների թվում չկայի, սակայն իրոք ոգևորվել էի Ձեր նշանակմամբ։

Հիշում եմ Ձեր նշանակման առաջին ամիսները երբ լրատվության բաժնի աշխատակիցները գերծանրաբեռնված էին և չէին իմանում, թե ո՞ւմ միջոցառումը լուսաբանեն։

Համալսարանում մրցակցային մթնոլորտ էր՝ բառիս ամենալավ իմաստով։ Բոլորը նրանց ովքեր կարծիք էին հարցնում, ասում էի, որ անձնապես չեմ ճանաչում, միայն դեմքով գիտեմ, մի քննարկման ժամանակ հանդիպել եմ մեկ անգամ, փոխանակել 2-3 նախադասություն, «անկտրել ձմերուկ» է, ժամանակը ցույց կտա, թե ինչպիսի ղեկավար է, առաջին տպավորությունս բացառապես դրական է։

Հետո Դուք մրցույթ նախաձեռնեցիք։ Կանոկանակրգը գերազանց չէր, սակայն պայքարող դասախոսների մի հատվածին տեսնելով մտածեցի. բարոյական և ֆիզիկական ամորտիզացիայի ենթարկված, 60-70-անց մարդկային կապիտալը, տեսնելով խոստումնալից երիտասարդի պրոֆեսորի, և միևնույն ժամանակ լինելով էգոիստ և մորթապաշտ, «հարձակվել»  է ռեկտորի պաշտոնակատարի վրա։

Այն ժամանակ որոշեցի հրապարակավ սատարել Ձեզ՝ հայտնել թե ինչ եմ մտածում դատի տվողներից ոմանց գիտելիքների մակարդակի, իսկ ավելի կոնկրետ դրա բացակայության մասին: Չխորշել նույնիսկ «գլուխ դնել» Լյուսյա կեղծանունով մի ֆեյքի հետ, որը հավանաբար այդ բողոքողներից մեկն էր։

Այս ընթացքում ես և իմ կողմից  հարգված շատ գործընկերներից ոմանք «աչք ենք փակել» ամեն թերության վրա, իսկ մրցույթի ժամանակ գլանի, կոնի և սեղանի մակերեսների մասին տրված հարցերին, ինչպես նաև  մեծ ու փոքր թերություններին հումորով ենք վերաբերվել՝ հանկարծ «չվնասենք» ռեֆորմատոր երիտասարդ պրոֆեսորին։ 

Հետո սկսվեցին գրագողության մասին խոսակցությունները։

Չէի հավատում, որ Ջրբաշյանի կողքին նստած, անգլերենով փայլուն ելույթ ունեցող մարդը կարող է նման բան անել։ Չէի հավատում, մինչև այն պահը, երբ կոնֆիդենցիալ հանդիպման ժամանակ մի շատ հարգարժան ու պարկեշտ մարդ ինձ ցույց չտվեց կոնկրետ փաստեր։

Այն ինչ զետեղված այս հոդվածներում (այստեղայստեղ) ես գիտեմ արդեն մեկ շաբաթ։

Ինքս՝ ինձ ասում եմ․ Լավ, ասենք, եթե սա արած լիներ ինչ-որ մի հանրապետական կամ հանրապետականի սաքուլիկ, հիմա քանի՞ ստատուս էի գրել։ Հիմա երևի գրառումներիցս ստեղնաշարս է մաշվել։ Այսինքն եթե իմ կողմից ընտրված ու համակրելի «Իմ քայլը» դաշինքն եք ներկայացնում, պետք է լռե՞մ, հանգիստ տեղս նստե՞մ։

Ոչ մի պարագայաում վարչապետի թիմակից լինելը մարդուն չպետք է ինդուլգենցիա տա։

Պարոն Հայրապետյան, ես սովորել եմ Հայաստանի ամերիկյան համալսարանում, College of Europe-ում ու տեսել եմ թե ինչպես մի սովորական 2000-3000 բառանոց էսսեի մեջ մեկ հղում չդնելու համար, այն պլագիատ էր համարվում, իսկ հեղինակին՝ առնվազն “downgrade” անում։ Տեսել եմ, թե ինչպես է plagiarism-ի համար իմ համակուրսեցին ամերկյան համալսարանում առարկան Fail ստանում՝ դուրս մնալով համալսարանից։ Հիմա էլ որպես դասախոս իմ ղեկավարման ներքո գտնվող դիպլոմնիկների աշխատանքների ամեն տողը Google-ով եի փնտրում՝ հայտնաբերելով բոլոր գրագողությունները, դրանց աղբյուրները ու այդ ամենի մասին  տեղեկացնում ուսանողին ու (այն ժամանակ) ամբիոնի վարիչ պրոֆեսոր Գալոյանին՝ հաճախ ստիպելով 2-3 օրում թեկուզ անորակ, սակայն ծայրից ծայր, ինքնուրույն գրած դիպլոմային աշխատանք ներկայացնել։

Պարոն Հայրապետյան, այն ինչ Դուք եք արել եք կոչվում է INADEQUATELY CITED LITERATURE REVIEW WHICH IS TANTAMOUNT TO PLAGIARISM! Դրա համար ամերիկյան համալսարանում F grade են ստանում և խայտառակ լինում։ Եվ խնդիրը միայն literature review-ն չէ, Ձեր ռեգրեսիոն մոդելը մեղմ ասած շատ նման է մեկ այլ հեղինակի ռեգրեսիոն մոդելի՝ մի 2 թիվ փոխված։ Անառարկելի հիմք չունենալով, որ այն copy-paste արված է՝ առնվազն կարող եմ կասկած հայտնել, որ գիտական նորույթ է։

Գիտեք, երբ այդ մարդու հետ հանդիպեցի, հետևյալ միտքն ասացի․«Հիմա դու վատ ոստիկանի դերում ես, իսկ ես՝ լավ, ով փորձում է պաշտպանել Հայրապետյանին»։ Նա հայերենն էր կարդում, ես՝ անգլերենը։ Երկու րոպե հետո ձեռքերս վեր բարձրացրեցի՝ ասելով, որ խայտառակ պլագիատ է։ Եվ հիմա, հռետորական հարց․ կարո՞ղ է գրագողություն կատարած անձը բարեխղճորեն ղեկավարել բուհը և զերծ մնալ տարատեսակ արատավոր երևույթներից։ Ուրեմն կամ Դուք պետք է ընդունեք, որ գրագողություն եք արել՝ համոզիչ կերպով հիմնավորելով, որ այո հնարավոր է այդպիսի բան, կամ, անհապաղ, հրաժարական տաք։ Տղամարդավարի ընդունեք, որ սխալվել եք և եթե այդժամ ոչ ոք չբարևի Ձեզ, ապա ես կլինեմ այն միակը, որ կկանգնի Ձեր կողքին։ Գրագողության փաստը հերքելով Դուք միայն Ձեզ եք վարկաբեկելու ոչ թե Ասլանյանին, Կարախանյանին կամ մեկ ուրիշի։

Հ․Գ-1 Այսօր Քոչարյան ազգանունով մի դասախոս հրապարակավ գրառում է արել, որ Դուք քննադատող դասախոսներին ջնջում եք Ձեր ընկերների ցուցակից կամ արգելափակում։ Այս մեկնաբանությունը գրելով ես ոչ միայն դրան եմ պատրաստ, այլև 0․5-ի փոխարեն 0 դրույք ծանրաբեռնվածություն ունենալու։

Հ․Գ-2 Վերջապես ե՞րբ են հրապարակվելու մրցույթի արդյունքները, ու՞ր մնաց Ձեր թափանցիկությունը։

 

Ալբերտ Հայրապետյան

Տնտեսագիտության թեկնածու,

ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասիստենտ

Facebook Comments